Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/196

Այս էջը սրբագրված է

Մի ուրիշ դրվագի մեջ (Բուզ. Գ. 8.) Բզնունի իշխանը, որին թագավորը զորքով ուղարկել էր պարսիկների հարձակման դեմն առնելու, դավաճանում, անցնում է թշնամու կողմը: Նա իր զորքերը կոտորել է տալիս և պատրաստվում հարձակվելու թագավորի վրա։ Բայց սրա հավատարիմները հաղթում են նրան և բռնում, բերում են թագավորի առաջ քարկոծում «իբրև զայր, որ աշխարհի և գնդի և զօրաց անառն իւրոյ դավաճան լեալ իցէ»։ Կոտորում, բնաջինջ են անում և նրա տոհմը:

Երկու տոհմեր, մեծ նախարարներ, պատերազմում են միմյանց հետ «առանց իրաւանց»: Թագավորը նրանց հաշտեցնել է ուզում, բայց նրանք անարգում են թագավորին.

Եւ առնուին աւերէին զտունն արքունի,
Եւ զայրացեալք խստութեամբ,
Հապճեպ տային ընդ միմեանս մարտ պատերազմի:
Ապա մեծ ցասմամբք և բազում սրտմտութեամբ,
Արձակեաց թագաւորն ի վերայ նոցա
ԶՎաչէ որդի Արտաւազգայ,
Զնահապետ Մամիկոնեան տոհմին,
Յազդէ սպարապետութեան Հայոց,
Զմեծ զօրավար զորաց իւրոց,
Սատակել, կորուսանել զազգն երկոսեան:

Բուզ. Գ. 4.

Վաչեն երկու տոհմն էլ կոտորում է.

Եւ ոչ թողոյր, գերկոցունց տոհմացն
Զորձ կորիւն և ոչ զմի:

Այս միևնույն ձգտումը թագավորների կողմից` գտնում ենք և Տիրանի ու Արշակի վեպերի մեջ: Տիրանը Հայր Մարդպետի գրգռելով, քսությամբ, կոտորել է տալիս Ռշտունի և Արծրունի տոհմերը, Արշակը նույնն անում է Կամսարականների վերաբերմամբ: Պապ թագավորն էլ սպանել է տալիս Հայր Մարդպետներին:

Այդ բազմաթիվ դրվագները միևնույն պատմական սյուժետի բանաստեղծական զարգացումն են: Դրանց մեջ կա այն ընդհանուրը, որ ֆեոդալը որևէ պատճառով ոչնչացնում է իր վասալին և նրա կալվածների համար այս կամ այն կարգագրությունն է անում: Որ այդպիսի դրվագներ շատ կան, դրա պատճառն այն է, որ կյանքի մեջ հաճախ կատարված են եղել, մանավանդ Խոսրով Փոքր կոչված թագավորի օրով, նման եղելություններ, որոնց մասին և հորինված են եղել զանազան երգեր ու զրույցներ: Դրանք և օգտագործվել են վեպի մեջ: Այդ փոփոխակներից մի քանիսը լոկ վիպական բեկորներ են մեզ հասած, բայց այդպիսիների մեջ անգամ պարզվում է ֆեոդալիզմին հատուկ որևէ բնորոշ գիծ: Դրանք հորինված են Արշակունիների կամ այն ազնվական տոհմերի շրջանում, որոնց հավատարիմ կուսակից
206