Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/197

Այս էջը սրբագրված է

էին Արշակունի թագավորներին: Դրանով պրոպագանդա էր մղվում հօգուտ թագավորների։ Այդ պատճառով և վեպի մեջ սկզբից մինչև վերջը կարևոր տեղ է բռնում թագավորի և իր հպատակ նախարարների, կամ տիրոջ և ծառայի հարաբերությունը։ Վեպն սկսվում է հենց Մամիկ-Կոնակի ապստամբությամբ իրենց թագավորից։ Ապա ապստամբում է Սլկունի Սղուկը։ Նույն կարգին պատկանում է և Արտաշրի ապստամբությունն Արտավանից։ Հիշենք նաև Մերուժանին Արշակի ժամանակ և ուրիշներին: Առաջին հին վեպի մեջ ևս, ինչպես տեսանք, հավատարիմ ծառայի տիպը զորեղ կերպով պատկերացրած է հանձին Արտաշեսի դայակ Սմբատ Բագրատունու։

2. Բնակ (բնիկ) տեր և աշխարհ։ — Արշակունիներին բավական չէր տիրոջ ու ծառայի և տիրոջը հավատարիմ մնալու գաղափարախոսությունը միայն։ Այդ վիպական դարաշրջանում կար «արքան Պարսից» և «թագավորն Յունաց», այսինքն հռոմայեցոց կայսրը։ Վեպի մեջ, Տիրանի գերվելուց հետո, հայ ավագանին պատգամավորություն են ուղարկում կայսրին։

Զի ի նա ձեռս աուեալ՝
Ծաոայեսցեն նմա հնազանդութեամբ,
Եւ լինիցի նա նոցա թիկունք օգնականութեան՝
Խնդրել վրէժո ի թշնամեաց նոցա։

Բուզ. Գ. 21.

Թշնամիները պարսիկներն էին, որոնց հետ և կռվի մեջ էին հայերը: Պարսից թագավորն էլ իր կողմից ամեն կերպ, և՛ խոստումներով, և՛ կաշաոով, ջանում էր հայոց նախարարներին իր կողմը գրավել և դարձնել իր ծաոաները։ Եվ կային այնպիսիները, որոնք ենթարկվում էին նրա հրապույրներին։

Յայեմ ժամանակի ապստամբեաց յարքայէն Հայոց
Մի ոմե ի նախարարաց մեծամեծացն,
Մերուժան անուն Արծրունի,
Եվ չոդաւ եկաց աոաջի թագաւորին Պարսից Շապհոյ,
Եվ գնէր ընդ նմա ուխտ երդմամբ,
Զի յաւիտեան ծառայ լիցի նմա։

Բուզ. Դ. 23.

Այսպիսի իշխաններն էլ աշխատում էին, որ Հայոց թագավորն էլ ենթարկվի Պարսից թագավորին, այսինքն՝ ընդունի նրա «ծառայությունը»: Այսպես, օրինակ. Պապ թագավորը դավաճան Մարդպետ Գզակին իր մոտ քաշելու համար նրան ասել է տալիս, որ շուտ գա իր մոտ, որովհետև նրան պետք է ուղարկի Պարսից թագավորի մոտ։

Զի ես մտից նմա ի ծաեայութիւն:
Բուզ. Ե. 6.
207