Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/199

Այս էջը սրբագրված է
Կոծ եդեալ աշխարանոք լային
Զիւրհանց բնակ(ան) տէրն, զարքայն Հայոց.
Սոյնպէս և զկորուստ աշխարհին,
Եւ զանձանց անտէրչութիւն կործանմանն,
Վարանացն, աղիողորմ գործէին։
Բուզ. Գ. 20.
Անձանց և աշխարհի պահ կալցուք,
Եւ զտեառն բնակի վրէժ խնդրեսցուք։
Բուզ. Գ. 21.

«Բնակ տիրոջ» հետ հիշվում է և «աշխարհը», որ է Հայոց աշխարհը, բայց հայրենասիրության գաղափարը բնականաբար դեռ զարգացած չէ։ Երևում են դրա սաղմերը միայն։ Սեփական երկրի գաղափարը, սակայն, որի հետ կապված է հայրենասիրությունը, բավական ուժեղ կերպով շեշտված է վեպի մեջ անշուշտ այն պատճառով, որ «բնակ տերերի» տերությունը, ինչպես միշտ, պայմանավորված էր որոշ երկրով, «որոշ տերիտորիայով»։ Չէր կարող լինել «տերություն»—իշխանություն աոանց «տերության»—իշխանության երկրի։ «Հայրենիք» բառն ես մի երկու անգամ գործածված է։ Տրդատ թագավորի համար ասված է.

Եւ զհայրենեաց տէրութիւնն յինքն նուաճեաց։
Եւ խնղրէր զքէն վրիժուց իւրոց հայրենեացն։
Ագաթ. էջ 29, 72

.

Այդ «հայրենիք» բառը, սակայն, երկդիմի է․ դա կարող է նշանակել նաև «հայեր», «պապեր», «նախնիք»։ «Հայրենեաց տէրութիւն», ուրեմն «հայրենական», «հորենական» տերություն։ Իսկ վրեժ «իւրոց հայրենեաց» կարելի է հասկանալ և «իր հայրերի» վրեժը, և իր «հայրենիքի» վրեժը, այսինքն՝ «հայրենի երկրի», «հայրենյաց տերության»։ Այս իմաստով՝ Հայաստանը դառնում է Արշակունիների «հայրենիքը», այսինէն՝ ժառանգաբար ստացած երկիրը, ինչպես որ նախարարներն էլ ունեին «հայրենի երկիրներ», որ նրանց ժառանգական, տոհմային կալվածներն էին։

Հետաքրքիր է Հայաստանի «հայրենի հող ու ջրի» մասին ունեցած հավատը, որ երևում է «Պարսից պատերազմի» գեղեցիկ դրվագներից մեկում (Բուզ. Դ. 54)։ Իր բնիկ երկրի հող ու ջրի վրա՝ մարդ իրեն զգում է ազատ ու զորեղ և հպարտ։ Այսպես՝ գերի Արշակն անընկճելի է Պարսկաստանում հայ հող ու ջրի վրա, որով Շապուհը փորձում է նրան։ Բերենք այդ բանաստեղծորեն գրավիչ դրվագը գրեթե ամբողջ։

Յաղադս թէ որպէս զդիւթսն եւ զքաւդեայսն հարցեալ Շապհոյ՝ փորձէր զմիտս Արշակայ, եւ տայր զնա յԱնուշ բերդն, եւ կամ զՎասակ սպարապետն Հայոց չարամահ հրամայէր առնել։

Շապուհ արքան Արշակին փորձելու համար աստղագետների խորհրդով Հայաստանից հող ու ջուր է բերել տալիս․—

209