նմին կոտորեցին զկանայս և զորդիս նոցա ի գերութիւն վարեցին»: Կրկին պատմվածքներ կարելի է համարել իսկապես նաև այն էպիզոդները, որոնք կազմված են միևնույն թեմայով, որ է՝ անհավատարիմ և անհլու իշխաններին պատժելը: Դրանք ևս միևնույն սյուժետի վարիանտներ են:
Շատ վիպական երգերի ու վեպերի մեջ տարածված մի սյուժետ է նաև տիրոջ ու հավատարիմ ծառայի ընդհարումը: Տերը կասկածում է իր վասալի հավատարմության մասին, թշնամանում է նրան, բայց հետո բացվում է ծառայի անմեղությունը: Անարդար ամբաստանության պատճառով՝ ունկնդրի համակրությունն ուղղվում է հերոսի կողմը. և ավելի ևս զգալի է դառնում նրա հավատարմությունն ու իդեալացումը, որովհետև հերոսն իր անմեղությունը ցույց տալու համար ավելի մեծ քաջագործություններ է անում: Այսպես և մեր Վեպի մեջ Մուշեղը Պապի օրով: Սիրված սյուժետներ ու մոտիվներ են, ինչպես տեսել ենք, ամուսնություն, որսորդություն, ավարառություն, տիրասիրություն, և թագավորի անձի անձեռնմխելիության համար հորինված պատմվածքները, հերոսի մահը, մահվան վրեժխնդրությունը և ուրիշները:
Առաջին մեծ ու կարևոր պատմական սյուժետը, որ նույնպես մի քանի անգամ կրկնված է, դա, ինչպես տեսել ենք, թշնամիների ժամանակավոր աջողությունն է: Հայ թագավորը, կամ հերոսը, խաբեական նենգության զոհ դառնալով՝ ընկնում է դավաճանի ձեռով։ Թշնամին կամ Պարսից թագավորը տիրում է Հայաստանին, ասպատակում է և ավերում։ Ապա հայերը հույների օգնությամր վրեժ առնելով, կոտորում, քշում են պարսիկներին, և թագավորում է ընկած թագավորի որդին: Այս է Խոսրով Մեծի ու Տրդատի, Տիրանի ու Արշակի, Արշակի ու Պապի վեպերի ֆաբուլան սքեմատիկ ձևով։ Նույնն է և Մուշեղի ու Մանուելի վեպը: Մուշեղն սպանվում է դավադրությամբ: Մանուելն առնում է իր եղբոր վրեժը, թշնամուն քշում է և ինքն իշխում: Այդ վեպերից յուրաքանչյուրն ընդհանուր տիպական կողմով, կարծես, մի փոփոխակ է միայն: Դրանց հետ սքեմապես նույնանում է նաև Երվանդի ու Արտաշեսի վեպը:
Համեմատելու համար դնենք այստեղ հետևյալը.
- Արտաշեսի հորը սպանում են. նույնպես և Տրդատի հորը:
- Թշնամին, Երվանդը, տիրում է Հայաստանին: Թշնամի Արտաշիրը տիրում է Հայաստանին:
- Ստնտուն՝ Երվանդի ձեռից ազատում է Սանատրուկի որդիներից մի երեխա, Արտաշեսին: Դայակը նրան տանում է Պարսից կողմը, պարսից թագավորի մոտ: Նույնը պատմվում է նաև մանկիկ Տրդատի համար, որին փախցնում են Հռոմայեցոց կողմերը, «ի դուռն կայսեր»:
- Արտաշեսն այնտեղ սնվում, մեծանում է, Նրա դայակը շատ քաջություններ է անում. դրա համար Պարսից թագավորն օգնական զորքեր է տայիս և Արտաշեսին ուղարկում Հայաստան իր հայրենի գահին տիրանալու: Նա հաղթում է Երվանդին և ինքը թագավոր դառնում։ Նույնը պատմվում է և Տրդատի համար: Նա քաջագործություններ է անում և հռոմեական զորքերով գալիս, հաղթում է պարսիկներին ու թագավորում:
- Վիշապ Երվանդից հետո՝ վիշապազն Մարերի դեմ կռիվը շարու