Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/237

Այս էջը հաստատված է

Եւ յանդիման նմին
Զկին նորա Վարդանոյշ խայտառակեալ իցէ»:

Բուզ. Ե. 43

Այսպես են նաև տեսարանները, որոնցով Շապուհն անպատվում է Փառանձեմին և ազնվականների կանանց: Այն դարաշրջանում երբ ապրել են վիպասանները, ամեն մի` այժմ անպարկեշտ համարված բան ասում պատմում էին առանց դրա մեջ որևէ անթույլատրելի բան տեսնելու, ինչպես որ այժմ էլ մեր պարզամիտ գյուղացիների մեջ, նույնիսկ կանանց մոտ, ամեն ինչ պատմվում է իր անունով: Այսպես և Մանուելը բազմության առաջ, թագուհու ներկայությամբ, մերկանում է և իր մարմնի սպիները ցույց է տալիս «զի յառնի յանգամսն աւելի քան զյիսուն սպի կայր վիրաց, և զայն անգամ բացեալ` առաջի ամենեցուն ցուցանէր»: Այսպիսի մի քանի հատվածներ կան նաև «Սասնա Ծռերի» մեջ:

Ապա վիպական ոճին հատուկ են կրկնությունն և չափազանցությունը: Վիպական կրկնությունը կամ «կրկնության ոճ» ասածն առաջ է գալիս ոչ միայն նույնաբանությամբ, նույն կամ հոմանիշ բառերի կրկնությամբ, որ երբեմն առանձին ճոռոմաբան հեղինակներն էլ սիրում են կիրառել, այլ նաև նույն և նման հատվածների ու բանաձևերի, մակդիրների, կամ արտահայտության ձևերի կուտակումով, կամ թե միևնույն միտքը հեգհեգվում է զանազան խոսքերով, «Պարսից պատերազմը», մանավանդ Բուզանդի մեջ, լի է այսպիսի ոճական հատկություններով, որ կարելի է տեսնել վերևում գրված կտորների մեջ: Բերենք այստեղ մի քանիսը միայն.

Եւ չգոյր թիւ բազմութեան հեծելազօր գնդացն,
Եւ ոչ համար շերտաւոր հետևակ զորուն.
Զի և ինքեանք զինքեանս,
Զիւրեանց զորան թուել ոչ կարէին…
Եւ ելին, լցին, ծածկեցին զամենայն երկիրն հայոց.
Քանդեցին, գերեցին, առ հասարակ աւերեցին.
Սփռեցան, տարածեցան զսահմանոք…
Հասանէին, հարկանէին, սատակէին…
Եւ լնուին զդաշտն առապարացն
Առ հասարակ դիակամք մեռելոց.
Մինչ զի իբրև զգետ յարուցեալ
Երթայր արիւնն անհնարին:
Բուզ. Գ. 7.
Վերջին տողը հմմտ. «Սասնա Ծռեր».
Արնէ խեղեղ ելաւ, էնոնց լեշեր տարաւ:
     
Եւ տեսին զորսն Պարսից.
Զի ոչ գոյր թիւ բազմութեանն.
Զի էին իբրև զաստեղս երկնից,
Եւ իբրև զաւազ առ ափն ծովու.
Զի եկեալ էին անթիւ փղոք և անչափ զօրոք:

Բուզ. Գ. 3