Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/28

Այս էջը սրբագրված է

Մ. Խորենացին մեր աոաջին հին վեպն անվանում է «Վիպասանք». «Երգք վիպասանաց»։ Սակայն նա գործածում է նաև «Առասպել» կամ «երգք առասպելաց»[1]: Առասպել չի կոչված միայն Մեծն Տիգրանի պատմությունը: Թե մեր հին վեպը հենց այդպես «Վիպասանք», «Երգք վիպասանաց» և «Առասպել» էլ կոչվել է, այդ երևում է նաև Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությունից», որի մեջ (Երրորդ դպր. Գլ. ԺԴ.) նա հիշում է, որ հայ նախարարներն ու շինականները սիրում էին Հայոց հեթանոսական հին երգերը, «զիւրեանց երգո առասպելաց զվիպասանութեանն»։ Բուզանդի այս կտորից իմացվում է, որ Հայոց հին հեթանոսական երգերը կոչվում էին «Երգք աոասպելաց», «Երգք վիպասանութեան»:

2. Առասպելախառն վեպ և հարակցումներ։— Որ մեր աոաջին ավանդական վեպն այսպես կրկին կոչումներ ունի, դրա պատճառն այն է, որ առասպելները նրա մեջ մեծ տեղ են ունեցել: Եվ իսկապես, այդ վեպի հիմունքն է միայն պատմական: Այլապես էլ չէր կարող լինել բերանացի ավանդված պատմության համար այն հին դարերում, երբ մանուկ միտքը տարբերություն չէր դնում իրականի ու երևակայականի միջև, որով և այդ վեպի մեջ հարակցվել են առասպելական զրույցներ, այլև իսկական պատմական եղելություններն էլ մասամբ ստացել են առասպելական գույն։ Եվ այսպիսով առաջ է եկել առասպելախառն վեպ: Բայց քանի որ վիպասանները և նրանց ունկնդիրներն իսկական պատմություն էին համարում նաև առասպելները, ապա նրանց համար Վիպասանությունն իր ամբողջությամբ մի պատմվածք է եղել անցյալում կատարված եղելությունների։ Դա նրանց իշխողների պատմական հիշատակարանն է եղել։ Առասպելականն ու հրաշալին նույնիսկ ցանկալի էր ֆեոդալների համար, որովհետև դրանով ամրանում էր նրանց դիրքը[2]: Բայց և այնպես, ավանդական վեպի մեջ էականն ու կարևորն առասպելը չէ, այլ պատմությունը: Մի անգամ որ մեր «Վիպասանքն» առասպելախառն պատմվածք է, դրա ուսումնասիրության ժամանակ «ամեն դեպքում, երբ հնարավոր է, պետք է վեպի ցուցմունքները զուգադրել պատմության ֆակտերի հետ» (Մ. Գորկի) և պատմականն անջատել առասպելականից:

38

  1. «Զորմէ առասպելաբանեն».— «Զայս տեղի առասպելաբանելով վիպասանքն երգելն իւեանց ասեն», «Առասպելեալ երգեն», «Ըստ առասպելին», «Զայս կամելով երգել յառասպելն», «Նույն երգիչքն առասպելին ասեն», «Զորմե յառասպելս ասեն»:
  2. «Որ վաղ էպոսը հաճախ սերտ կապված է առասպելի հետ, այդ կատարվում էր նաև արվեստական կերպով՝ առավելագույն չափով բարձրացնելու համար վեպի հերոսներին, թագավորներին ու ազնվականներին» (Մ. Գորկի):