Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/327

Այս էջը հաստատված է

հենց աչքի է ընկնում հեղինակի պատմելու շնորհքը, ոչ միայն մանրամասնությունների, այլև ամբողջության մեջ: Այստեղ գտնում ենք նյութի հարմար բաշխում և դեպքերի մանրամասն նկարագրություն։ Հետզհետե հանդես են գալիս գործող անձերը, որոնց պատկերը հանվում է երբեմն մի քանի գծերով, բայց շատ որոշ կերպով: Մենք տեսնում ենք նրանց հոգին, նրանց մտածմունքները, այն էլ հենց իրենց խոսքերով։ Ղ. Փարպեցին խոսել է տալիս իր գործող անձերին թե միմյանց հետ կարծիքների փոխանակությամբ խորհրդակցությունների միջոցին, և թե առանձին մենախոսությամբ իրենց մտածմունքը հայտնելով: Բայց նրանք ոչ թե խոսակցում են, այլ ճառում են: Հեղինակն իր պատմությունը լի ու լի հագեցրել է ոչ միայն բազմաթիվ գեղեցիկ հորինված պատմվածքներով, որոնք աոանձին զրույցների բնավորություն ունին, այլև, ավելի քան Եղիշեն, մեծ և փոքր ճառերով։ Ճառում են և հայերը, և՛ պարսիկները, և՛ գլխավոր գործող անձերը, և՛ երկրորդականները, նույնիսկ լրաբերները: Այն, ինչ որ ուրիշ հեղինակներ իրենց կողմից կպատմեին, մեր այս պատմագիրն իբրև ճարտասան հաճախ գործող անձերի միջոցով է հայտնում: Առաջին դրուագի սկզբում հենց նա մենախոսել է տալիս Արշակ թագավորին, որ իր խորին վիշտն է հայտնում Հայաստանի բաժանման և օտարների ենթարկվելու համար և լավ է համարում թողնել իր նախնիքների բնիկ ու սեփական տեղերը, Արարատյան երկրի անձկալի ու ամենատենչ վայրերը և անցնել Հոռոմների բաժինը, քան թե «զանուն ծառայութեան ստացեալ», «բնակել անարգանոք ի մեջ անօրինաց», այսինքն պարսիկների, և ամբողջ պատմությունը վերջացնում է Հովհան (Յովհան) Մանդակունու ճառով, որ նա խոսում է Վահան Մամիկոնյանի մարզպան կարգվելու առթիվ։ ճառերի միջոցով հեղինակը սովորաբար հայանում է իր սեփական մտածմունքները: Նա գործող անձերին ասել է տալիս պարսից հազարապետ Միհրներսեսի և անգամ արքայի առաջ այնպիսի խոսքեր, որ նրանք տվյալ վիճակի մեջ չէին կարող ասել։ Դրանցով Ղ. Փարպեցին գաղափարական պայքար է մղում պարսից կրոնի կամ քաղաքականության դեմ և քրիստոնեական կրոնի գովքն ու պաշտպանությունն է անում: Այսպես, օրինակ, երբ պարսիկները գերում են Կամսարականների կանանց և աշխատում են սրանց պատճառով իրենց կողմը գրավել նրանց ամուսիններին, վերջիններս պատասխանում են մի ճառով, թե «մեր գործ և աշխատութիւն չէ վասն երկրաւոր ինչ վայելից, և ոչ վասն կնոջ և որդւոյ » և այլն (էջ 336). նրանք կռվում են իրենց կրոնի համար, նրանք և իրենց ընկերները պատրաստ են ամեն ինչ զոհելու դրա համար: Ղազարը հերոսների բերանին գրած խոսքերով չբավականանալով ինքն էլ երբեմն իր կողմից հորինում է ճառեր: Երբ «դառն իշխանն Միհրներսեհ» հազարապետը գովում է իրենց կրոնը Սյունիքի «պիղծ սեպուհ» Վարազվաղանի առաջ, Պատմագիրը վերջում գրում է, թե «խորամանկ ուսուցչի վարդապետությունը լսելով նրա խելացնոր աշակերտը»՝ չկարողացավ իսկույն պատասխանել: Եվ ապա ինքը Ղազարը բերում է իր պատասխանը մի ճառով, որի մեջ պախարակում է արեգակ ու կրակ պաշտելը

                                                                 337