շրջանին։ Նա իրեն կոչում է իր ինքնակենսագրության մեջ. «Անանիա Շիրակվանցի» կամ «Շիրակացի». իսկ «Ի Զատիկն» ասացվածքի վերջում անվանում է իրեն «Անանիա որդի Յովհաննիսի Շիրակայնւոյ»: Այսպես է և մի քանի ուրիշ աշխատությունների վերնագիրների մեջ[1]: Ուրիշ երկերի վերնագիրների մեջ է. «Անանիայի Շիրակունւոյ», «Անանիայի Շիրակունոյ»[2]։ Սովորաբար, սակայն, նա հայտնի է «Շիրակացի» անունով։
Նա ծնվել է Շիրակի՝ կամ Շիրակավան կամ Անեից գյուղում, հավանորեն 7-րդ դարի երկրորդ տասնամյակի մեջ: Ավարտելով «զդպրութիւն մերոյ ազգիս Հայաստանեաց», և հմտանալով Աստվածաշնչին, նա ցանկացել է ավելի մեծ գիտություն ձեոք բերել: Մտածելով, թե թիվն է «մայր ամենայն իմաստից»— թիվն է բոլոր գիտությունների մայրը, թե՝ «ոչինչ յարմարի բան իմաստասիրութեան առանց թուոյ», առանձնապես շատ փափագել է նա «հարմարողական արուեստին», (որ է հունարեն՝ արիթմետիկե տեխնե,— համարելու արվեստ, թվերի ուսում, այժմ ասում ենք՝ թվաբանություն): «Եւ ի Հայս ոչ գտի մարդ որ գիտակ էր իմաստասիրութեան և ոչ գիրք արուեստից գտի յաշխարհիս»,- ասում է նա։ Ուստի նա դիմում է Հունաց աշխարհը։ Թեոդուպոլսում (Կարին քաղաքում) եկեղեցական գրականությանը հմուտ մի մարդ, անունը Եղիազար, հայտնում է նրան, թե Չորրորդ Հայքում կա Քրիստոսատուր անունով մի «համարող», այսինքն՝ արիթմետիկոս: Անանիան գնում, նրա մատ մնում է վեց ամիս, բայց տեսնում է, որ նա «ոչ ունէր զբովանդակ արուեստն, այլ աստի և անտի ծալրաքաղ»: Նա դիմում է Կոստանդնուպոլիս: Այստեղ պատահում են նրան իր ծանոթներից մի քանիսը և ասում են, թե ինչու է նա այնքան ետ ճանապարհի նեղությունը կրել, քանի որ,—ասում են,—«մեզ մոտիկ Պոնտոսի ծովեզերքում, Տրապիզոնում է Բիզանդիայի ուսուցիչ Տյուքիկոսը, որ լի է իմաստությամբ և գիտակ է հայերեն դպրության»: Երբ Շիրակացին նրանց հարցնում է, թե որտեղից գիտեն այդ, նրանք պատասխանում են. «Շատ ճանապարհորդներ տեսանք, որ նրա մոտ էին եկել նրա մեծ գիտության համար: Այժմ էլ մեզ նավակից եղավ Կոստանդնուպոլսի Հայրապետի սարկավագ Փիլագրը, նա շատ մանուկներ էր տանում նրա մոտ՝ ի աշակերտություն»:
Անանիան գնում է Տրապիզոն և գտնում այդ ուսուցչին սուրբ Եվգինեի վկայարանում, ու պատմում է նրան իր նրա մոտ գնալու նպատակը։ Նա սիրով ընդունում է Անանիային և ուրախանում է, որ իր միջոցով այն արվեստը պիտի տրվի սուրբ Գրիգորի վիճակին, Հայոց աշխարհին, «որովհետև