Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/37

Այս էջը սրբագրված է

հին թագավորներից է, «բնիկ և հարազատ» թագավորը։ Մեծն Տիգրանի վեպի կազմվելու և նրա մասին եղած երգերի կենդանի ժամանակն եղել է անշուշտ այդ թագավորի ժամանակից քիչ ուշ, այսինքն՝ մեր թվականությունից քիչ առաջ, և ապա մեր թվականության առաջին դարը։ Այդ միջոցին հայոց բնիկ թագավորների տեղը բռնում են օտար թագավորներ։ Եվ այդ բավական չէ, երկիրը վրդովմունքի մեջ է ընկնում այդ մարացի, պոնտացի, վրացի թագավորների օրով, մինչև պարթևական Արշակունի օտար ցեղն իշխում է հայերի վրա։ Այդ օտար թագավորների խառնաշփոթ և խռովահույզ տիրապետության ժամանակ տեղիք ուներ հայ ֆեոդալների վիպասանը կարոտով հիշելու աոաջին բնիկ թագավորներին և մանավանդ «խաղաղություն և շինություն բերող» Տիգրանին, իր «բնիկ և հարազատ» թագավորին։

Վիպական Տիգրանի և վիպական Մարաց թագավորի հարաբերությունը նույնպես մի ավանդական հիշողություն է պատմական Մեծն Տիգրանի և նրա անմիջական հաջորդների հարաբերության մարերի հետ։ Մեծն Տիգրան թագավորն առնում, ավերում է Մեծ Մարաստանի մայրաքաղաքը՝ Եկբատան, և նրա թագավորին ստիպում է ճանաչել իր իշխանությունը։ Փոքր Մարաստանի թագավորը դաշնակից է հայերին և հիշվում է Տիգրանի պատերազմների մեջ․ նա կնության է աոնում Տիգրանի դուստրը։ Վեպի մեջ Տիգրանուհին, որ սովորաբար նշանակում է Տիգրանի դուստր, Տիգրանի քույրն է։ Մենք չգիտենք, թե այդ փեսան ինչպես է վարվում, երբ Մեծն Տիգրանի աստղը թեքվում է, բայց շատ շուտով, Տիգրանի անմիջական հաջորդների՝ Արտավազդի և Արտաշեսի ժամանակ Փոքր Մարաստանը թշնամանում է հայերի հետ։ Տիգրանի թոռ Արտաշեսը նույնիսկ պատերազմ է ունենում մարերի հետ և հաղթում է նրանց։ Այս ամենը կատարվում է մի քանի տասնյակ տարիներում և հեշտությամբ կարող էր պատմվել մի Հայոց թագավորի՝ Տիգրանի և մի Մարաց թագավորի վրա, և պատմվել է։

Մեծն Տիգրանի այս վիպական պատմությունը, ըստ ինքյան հասկանայի է, պետք է հանել այն տեղից, ուր կա Խորենացու Պատմության մեջ, և դնել իր իսկական տեղում։ Երգն ու գովեստը Մեծն Տիգրանի, ըստ Խորենացու՝ Միջին Տիգրանի վրա է եղել։ Նրա վրա էլ պետք է պատմել այսուհետև։ Եվ այսպիսով, Խորենացու պատմությունը, «որ յաղագս Մեծին Տիգրանայ, որ . . . էր հուժկու, անուանի և յաղթող ընդ այլ այխարհակալս», ստանում է իր իսկական պատմական արժեքը, և միանգամայն այդ պատմությունը դառնում է Խորենացու Հայոց Պատմության կարևոր մասերից մեկը։ Երգը մեծ ճշմարտությամբ պահել է Մեծն Տիգրանի պատմությունը։ Ցավոք, Խորենացին սխալվել է իր ժամանակաբանության մեջ:

3. Աժդահակի առասպելը։—Տիգրանի վեպը բուն պատմական հիշողությունների հետ ունի նաև առասպելական, հատկապես ամպրոպի վիշապի բնավորություն, որ ինչքան էլ Մեծն Տիգրանի պատմության ազդեցության տակ եվհեմերական մտածությամբ պատմական գույն է ստացել, բայց դեռ երևում է պարզապես որոշ ասասպելական գծերով։ Պատմվածքի մեջ երկուություն կա․ գործող անձերը հանդես են գալիս և իբրև մարդ, և՛ իբրև վիշապ։

«Աժդահակ» անունը ասասպելական Աժի Դահակա—Վիշապ Դահակն է,

47