Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/39

Այս էջը սրբագրված չէ

կում է օձ, վիշապ: Արդարև, «»մեր մատենագրության մեջ «մար» (=օձ, վիշապ) բառը չկա գործածված, բայց ոչ ամեն պարսկերեն բառեր, որ մեր ժողովրդի մեջ եղել են և կան այժմ, մտել են մեր հին մատենագիրների մեջ: Պարսկերեն լեզուն դեռ Քսենեփոնի ժամանակ ծանոթ է եղել հայերին, ուստի «մար» բառի «օձ» նշանակությունն ամենահին ժամանակներից կարոդ էր ծանոթ լինել մեր ժողովրդին, ինչպես և այժմ ծանոթ է: Մի անգամ որ վիպասանների գիտակցության մեջ «մար» նշանակում է վիշապ, այն ժամանակ հեշտ հասկանալի է, թե ինչպես մարք և վիշապք, վիշապազունք և «զարմք Աժդահակայ»—«զարմք Վիշապ Դահակայ», շփոթվել են իրար հետ: Մանավանդ որ առասպելական վիշապները կապված են Մասիսի հետ, իսկ մարերը բնակվելիս են եղել Մասիսի ստորոտներում և այդ լեռից դեպի արևելք, Արաքսի երկու կողմերում: Նրանք, որ մինչև 5-րդ դարն արդեն հայացած են եղել, համարվել են վիշապազունք, իբրև Վիշապ Դահակի զարմեր: Դա նախնական շատ ցեղերի հավատալիքներից մեկն է, որով իրենց ծագած են համարում կենդանական գերբնական էակներից,— սրանց թվում և օձերից, վիշապներից և նրանց անունով կոչում իրենց: Ուրիշ խոսքով՝ վիշապը կամ Վիշապ Դահակը համարվել է Մասիսից դեպի արևելք բնակված մարական ծագում ունեցող տոհմի տոտեմը, իրենց պաշտած կենդանի նախնին, որի անունով և նրանք կոչվել են նաև վիշապազն կամ Աժդահակի զարմ:

Հետաքրքիր է, որ այդ կոչումը մնացել է մինչև այժմ: Խորենացին հայտնում է, թե «Թուելեաց» երգերը, որ է՝ Վիպասանքը, «պահեցին ախորժելով. . . մարդիկ կողմանն գինեւէտ գաւառին Գողթան« (Ա. 30). «Յայտնի են քեզ ի վիպասանացն, որ պատմին ի Գողթան» (Բ. 49)։ Մի անգամ որ Գողթնի բնակիչները յուրացրել և ախորժելով պահել են մարերի մասին հին երգն ու առասպելը, վիշապաղների առասպելը, զարմանալի չի լինիլ, որ նրանք յուրացրած և պահած լինեն նաև «Աժի Դահակի», Վիշապ Դահակի զարմ կոչումը: Հին առասպելական Դահակ անունը, ինչպես հայտնի է, դարձած է Զոհակ սրանից է ծագում Զոկ: Գողթն գավառի բնակիչնևրի արդի Զոկ կոչումն, ուրեմն, ոչ այլ ինչ է, եթե ոչ հին «զարմք Աժի—Դահակայ» կոչման մնացորդը, որ հին դարերից պահվում է մինչև մեր օրերը: Դա տոտեմիստական աշխարհայեցության մի գերապրուկ է: Հայերի մեջ այդ նախնական հավատքը շատ զորեղ է եղել, ինչպես այդ երևում է օձերի պաշտամունքի արդի մնացորդներից:

5. Մեծն Տիգրանի եվ Երվանդ-Արտաշեսի վեպերի կապակցությունը:— Թե այս երկու վեպերն առնչություն ունեցել են միմյանց հետ, այսինքն թե այդ երկուսը մի ընդհանուր վեպի մասեր են եղել, թե չէ, այդ որոշ կերպով չգիտենք Մ. Խորենացուց: Սակայն երևում է, որ դրանք միացած են եղել, կենտրոն ունենարվ մարերի, որ է՝ վիշապազների հետ հայերի հարաբերությունը թե՛ ըստ պատմականին և թե՛ ըստ առասպելականին: Հայաստանի մարերը, որ է՝ վիշապազները, ըստ վեպի, ինչպես տեսանք, սերունդն են Մարաց թագավոր Աժդահակի կամ Վիշապ Դահակի, որին հաղթում է Տիգրանը և որի զարմերը գերում է նա և բնակեցնում Մասիսի ստորոտներում: Վեպի մեջ, ուրեմն, պատմվում է, թե Մասիսից մինչև Գողթն բնակվող մարերը գերի են բերված Մեծն Տիգրանի ձեռով։ Այնուհետև նույն մարերը, կամ վիշապները, վիշապազները, երևան են գայիս և Արտաշեսի վեպի մեջ: Այդ բնական հաջորդությամբ Տիգրանի վեպի անմիջական շարունակությունն

49