Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/54

Այս էջը սրբագրված չէ

Երվանդի, Արտաշեսի, Արտավազդի վեպերի մեջ։ Այստեղ ասենք և հետևյալը։ Բանաստեղծները հետաքրքիր պատմվածքների մեջ ստեղծել են իրականության ազնվացրած պատկերներ, որ, հարկավ, Պատմագիրն էլ իր կողմից ճարտասանորեն ավելի մշակել, գեղեցկացրել է։ Նրանք ձգտել են պատմական անձերին իրենց սիրած կերպարանքը տալու։ Վեպի մեջ ամենից առաջ աչքի են ընկնում թագավորների ու զորավարի գաղափարական տիպերն ի դեմս Տիգրանի, Արտաշեսի և Երվանդի ու Սմբատի։ Թե այդ նկարագիրները գլխավորապես երգիչներինն են, այդ պարզվում է նրանով, որ դրանք, հակառակ Խորենացու, վերաբերում են իրապես պատմական Մեծն Տիգրանին։ Այստեղ տեսնում ենք, թե ինչպես վիպասանները,—ինչպես և ինքը Խորենացին հետևելով իր աղբյուրներին,— գովել են իրենց թագավորներին և ստեղծել են կատարելատիպեր, որպիսիք կցանկանային, որ լինեին իրենց թագավորներն ու զորավարները։

Հակառակ քրիստոնեական ճգնավորական ոգուն, որով մարմինը ոչինչ էր համարվում, մեր առասպելների և Վիպասանքի մեջ, նույնիսկ հին քրիստոնյա Պատմագրի բերած բովանդակությամբ, տեսնում ենք, որ ամենից առաջ առանձին ուշադրություն է դարձրած դիցազների ֆիզիկական առաքինություններին, նրանց մարմնին և անգամ զարդարանքներին։ Հերոսներն ընդհանրապես օժտված են արտաքին գեղեցկությամբ և ուժով, հաջողակ և արագ շարժումներով։ Տիգրանն իր մարմնով մի «սքանչելի դիւցազն» է, «խարտեաշ և աղեբեկ ծայրիւ հերաց. երեսօք․ գունեան և մեղուակն, անձնեայ և թիկնաւէտ, առոգաբարձ և գեղեցկոտն, քաջահասակ, ամենևին բոլոր անդամովք համեմատ և ի գեղեցկութիւն աւարտեալ հասակի, առոյգ, ամենայնիւ ըստ իրեարս պատշաճեալ և ուժով ոչ զոք անելով իւր զոյգ»։ Մի խոսքով, նա «հասակաւ և բնութեամբ» կատարյալ դիցազն է, որ «նիզակաւ օրինակ իմն որպէս զջուր հերձեալ զերկաթի ամուր հանդերձն»։ Աժդահակի երազի մեջ Տիգրանին ծնող կինն է «ծիրանազգեստ, երկնագոյն ունելով զիւրեաւ տեռ, աչեղ, բարձրահասակ և կարմրայտ»։ Տիգրանուհին է «գեղեցիկն ի կանայս», «խորագէտ գեղեցիկն»։ Տիգրանին շրջապատողներն ևս գեղեցիկ են, և արք ու կանայք պճնված իրենց պատվական գույնզգույն զգեստներով, արծաթի, ոսկի զարդարանքներով ու պատվական ակներով, «որովք տգեղագոյնքն իբրև զգեղաւորս երևէին սքանչելիք, և գեղաւորքն․․․ առհասարակ դիւցազնացեալք»[1]

Մարմնի այս արժեքը երևան է գալիս ավելի կամ պակաս չափով նաև ուրիշ հերոսների վրա։ Երվանդն է «սրտեայ և անդամովք յաղթ». նրա մայրն ևս «անձամբ հարստի և խոշորագեղ» է։ Սմբատն «այր քաջ» է, «ու-

64

  1. Դա իսկապես պատմական Մեծն Տիգրանի իրեն և իր պալատականների նկարագիրն է, որի հիշողությունը մնացել է վեպի մեջ։ «Արքունիքն՝ ունայն շքով և պերճութեամբ արկանէր ահ ժողովրդեան, որ տղայն էր։ Թագաւորն մեծապատիւ մեծարեալ, մինչև կոչիլ աստուած, ոչ երբէք երևէր ի հրապարակի, եթէ ոչ մեծաշուք սպասու, զգեցեալ պատմուճան նկարէն, գաւազան, ի սպիտակէ և ի կարմրոյ, և վերարկու ի ծիրանւոյ խորշխորշան․ գլուխն պսակեալ բարձր աստեղազարդ խուրիւ» (Դիոն Կաս. ԼԶ․ 52)։ Փարթամացած իշխաններն ևս անշուշտ հետևում էին իրենց թագավորի օրինակին։