Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/58

Այս էջը հաստատված է

խորին հնությունից է գալիս և, թեպետ ուշ ժամանակում գրի առնված ոչ միայն իր բովանդակությամբ, այլև ձևով կրում է նախնական բանաստեղծության դրոշմը։ Երգիչը Վիշապաքաղի ծնունդը նկարագրում է դանդաղ, առանց շտապելու: Նա նյութը զարգացնել չգիտե. զարգացման տեղը բռնում են պարզապես կրկնությունները, որ՝ աոանց ձանձրալի լինելու վախի՝ անում է նա: Բայց արդեն երևում է որոշ արվեստ: Բանաստեղծը գիտե գեղեցիկ մակդիրների գործածությունը, ինչպես՝ ծովն ծիրանի, որ մինչև մեր օրերն էլ գտնում ենք հնությունից եկող մի ժողովրդական աղոթքի մեջ՝ «երկինքն ծով ծիրանի». կարմրիկ եղեգնիկ, խարտեաշ պատանեկիկ, հուր հեր, բոց մօրուս: Ապա՝ բանաստեղծը գիտե մի ուրիշ եղանակ ևս. նա, ինչպես հատուկ է մեր ժողովրդական երգին, բանեցնում է նվազական-փաղաքշական բառեր, օրինակ՝ կարմրիկ, եղեգնիկ, պատանեկիկ, աչկունք (= աչիկներ): Նա գործ է ածում հանգիտություն, որ նույնպես հատուկ է ժողովրդական երգին, օրինակ՝ «երկնէր երկին, երկնէր երկիր, ծովն ծիրանի, հուր հեր, աչկունք-արեգակունք»: Եվ վերջապես այստեղ կրկնությունների մեջ գտնում ենք զուգահեռականություն ասածը, օրինակ՝

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի:

Այսպես նաև հետևյալը.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս:

Այս միևնույն արվեստը երևում է և Արտաշեսի վեպից ըստ երևույթին բառացի բերված հատվածների մեջ: Օրինակ՝ մակդիրներ, որոնց գործածությունը բոլոր սկզբնական բանաստեղծությունների եզաններից մեկն է.— «այր քաջ (Արտաշես), քաջ ազգին (Ալանաց), աչագեղոյ դստերս (Ալանաց), ազգաց քաջաց, քաջն Արտաշէս, քաջազգազգի կոյս օրիորդ, արի արքայն, Սեաւն գեղեցիկ, ոսկեօղ շիկափոկ պարան, արծուի սրաթև, փափուկ օրիորդ, տեղ ոսկի»: Զուգահեռականությունները՝

Եվ հանեալ զոսկէօղ չիկափոկ պարանն,
Եվ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն:

Կամ հետևյալները՝

«Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն»։
«Եթէ դու յորս հեծցիս

յԱզատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք, տարցին՝

յԱզատն ի վեր ի Մասիս»։

Բացի այդ՝ վիպասանը գիտե Սաթենիկին փախցնելու պատմվածքի մեջ խոսքին տալ բովանդակության պահանջած ձևը — կտրուկ արագություն ու լարվածություն, որ առաջանում է խոսքերը դերբայով կազմելուց.

68