Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/87

Այս էջը սրբագրված է

Օտարաբանության նկատմամբ պետք է զանազանել հետևյալ խմբերը: Մի շարք գրական հիշատակարաններ, լինեն ինքնուրույն թե ասորերենից կամ հունարենից թարգմանված, աչքի են ընկնում բոլորովին մաքուր հայկաբանությամբ, երբեմն շատ կանոնավոր պարզ ու հստակ ոճով, երբեմն էլ զարդարուն ու պերճ լեզվով, կամ անկանոն և լի ավելորդաբանություններով։ Ուրիշ խումբ թարգմանություններ, ինչպես Եվսերևոսի «Եկեղեցական պատմությունը», գրված են ընդհանրապես հարթ և պարզ Հայկաբանությամբ, բայց հաճախ նյութապես թարգմանում են ասորերենը՝ օտարանալով հայ լեզվի ոգուց[1]։ Կան և այնպիսի երկեր, ինքնուրույն թե թարգմանական, որոնք ընդհանրապես «ընտիր» հայերենով են, բայց ունեն սակավաթիվ ազդեցություններ հունարենից։ Եվ վերջապես՝ կան բազմաթիվ երկեր ևս, ճարտասանական, փիլիսոփայական, քերականական ու դավանաբանական բովանդակությամբ, որոնց բնորոշ հատկությունն է խիստ հունաբանությունը։ Նրանց հեղինակները կամ թարգմանիչներն իրենց մտածողության եղանակով, ոճով ու լեզվով շատ հեռու են հայերենի էական հատկություններից, նրանք բառացի թարգմանում են հունարենից այս լեզվի շարահյուսությամբ և նորանոր բաոեր բաղադրելով հունարենի նմանությամբ։

Ոչ միայն աոանձին երկերի, այլև այս գրական դպրոցների ժամանակն ևս ճիշտ որոշված չէ։ Ընդհանրապես ընդունում են, որ առաջին երկու խմբերի դրվածքները (որ ուրիշները բաժանում են երեք կամ չորս դասի) ավելի հին են, վերաբերում են գրականության սկզբնական, ինչպես կոչում են, «Ոսկեդարյան» շրջանին, այսինքն 5֊րդ դարին, այն էլ, ըստ ոմանց, այս դարի մոտավորապես աոաջին կեսին, երբ գործել են աոաջին թարգմանիչները կամ «աոաջին աշակերտները»։ Իսկ երրորդ և չորրորդ խմբերի երկերը վերագրում են «հունասերների» կամ «հունաբանների» դպրոցին, որ կարծում են, թե 6-րդ և ավելի ես 7֊րդ դարերում է զարգացել։

Այս տեսակետն ընդունելի չէ ընդհանրապես իր ամբողջ ծավալով։ Կարելի չէ՝ աոանց արտաքին ցուցմունքի, լեզվով միայն, հունաբան ոճի վրա միայն հիմնվելով, կոնկրետ հետևություններ անել, որոշել դրվածքների, ուրեմն և գրական դպրոցների ժամանակաբանությունը։ Ուրիշ խոսքով՝ բացարձակ հավանելի չէ այն «սովորական ընդունված թեորիան», ըստ որի՝ հունարենի ազդեցություն կրած, ինչպես և հունաբան դրվածքներն իբր «անարժան» են «Ոսկեդարին», 5-րդ դարին․ այսինքն[1] 5-րդ դարում իբր միայն մաքուր հայկաբանություն պիտի լինի, իսկ ինչ որ այդպես չէ, այն 6-րդ դարից պիտի լինի, ըստ ոմանց[1] նույնիսկ 6-րդ դարի երկրորդ կեսերից ի վեր։ Այսպես դատողները մոռանում են, որ ուրիշ լեզուներից թարգմանություն անողները, ինչպես և ուրիշ լեզվի ու գրականության ազդեցության շրջանում ինքնուրույն գրողներն անգամ, միշտ միակերպ հստակ ոճ չեն բանեցնում։

  1. 1,0 1,1 1,2 Կորիւն վարդապետ և նորին թարգմանութիվնը, Տփխիս, 1900, էջ 13