Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 1.djvu/91

Այս էջը սրբագրված է

դէմ հերձուտձոց երկերը թարգմանված են հունաբան թարգմանությունների աոաջին շրջանում»[1], դրանց «թարգմանությունները ժամանակակից են Փիլոնի թարգմանություններին»[2], «Տիմոթեոս Կուզի հակաճառությունը, Արիստոտելի Յագաղս Մեկնութեան և Ստորոգութեանց թարգմանությունները Յամըղիքոսի մեկնությունների հետ միասին՝ խմբակից են ու ժամանակակից և կազմում են հունաբան թարգմանությունների երկրորդ շերտը[3]։ Դրանք, ուրեմն, թարգմանված են 552—564 թվականներին, քանի որ այս տեսության հեղինակն այդ թվականներին է գնում Տիմոթեոս Կուզի հակաճառության թարգմանումը։ Դրանից հետո, ուրեմն, 6-րդ դարի վերջերում և 7-րդ դարում ընկնում են երրորդ խմբի թարգմանությունները. «Դավիթ-Ոլիմպիոդորոսի խմբի իմաստասիրական մեկնությունները թարգմանված պիտի լինեն հունաբան երկրորդ շերտի թարգմանություններից հետո»[4]:

Ինչքան էլ այս տեսության հեղինակը «լուսաբանված» համարի «հունաբան դպրոցի հաջորդական ընթացքը», բայց դա, լոկ բառերի վրա հիմնված լինելով, դեռ չի կարող վերջնական ճանաչվել: Բայց և այնպես՝ հունաբան դպրոցի զարգացման լուսաբանման նկատմամբ, մի քայլ առաջ է դա, թեպետև շատ ընդհանուր կերպով։ Հունաբան թարգմանություններն այդ տեսությամբ ծագած են համարվում՝ «սկսած վեցերորդ դարի սկիզբներից կամ հինգերորդ դարի վերջերից», կամ թե «հունաբան դպրոցն ունեցել է հաջորդական ու հարատև զարգացում սկսած հինգերորդ դարի վերջերից»[5]։ Այս տեսակետը ժամանակի նկատմամբ ճիշտ չէ, ուստի և ընդունելի չէ։ Այդ թարգմանությունների սկիզբը եղել է ոչ թե 5-րդ դարի վերջերին, այլ այդ դարի երրորդ քառորդին, կեսերից ի վեր:

7. Հունաբան դպրոցի սկզբնավորության ժամանակը պարզվում է Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» գրքի թարգմանման տարեթվով, որ ընկնում է 480—484 թվականների մեջ: Այդ թարգմանությունը խիստ հունաբան լեզվով է։ Դրանով հեղաշրջվում է 10-րդ դարի վերջերից ընդհանրացած տեսությունը, որով հունաբան դպրոցի սկիզբն, առանց որևէ հաստատուն հիմունքի, գրվում էր 6-րդ դարում կամ 5-րդի վերջերից։ Քանի որ Դիոնիս Թրակացու քերականության, Փիլոնի գործերի, Պիտոյից գրքի և Իրենիոսի «Ցոյց առաքելական քարոզութեան» երկի թարգմանություններն, ըստ հունաբան լեզվի, կազմում են մի խումբ և կատարված են, ինչպես կարծում են, «Հակաճառության» թարգմանությունից առաջ, ապա ուրեմն դրանք թարգմանված են ոչ թե 6-րդ դարում կամ 5-րդ դարի վերջերին, այլ 480—484 թվականներից մոտ երկու-երեք տասնամյակ առաջ: Հետևաբար հունաբան դպրոցի սկիզբն ընկնում է 5-րդ դարի երրորդ քառորդին՝ 450—475 թվականներին: Այդ հիմավորվում է և հետևյալով.

  1. Անդ, էջ 228 և հան.:
  2. Անդ, էջ 251:
  3. Անդ, էջ 184 և հան.:
  4. Անդ, էջ 163 և հան.:
  5. Անդ, էջ 286: