Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 2.djvu/14

Այս էջը հաստատված է

ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՅԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈԻՆ

1. Վերածնություն:— Հայոց հին գրականության երրորդ շրջանը (11-17-րդ դար) արտահայտություն է գլխավորապես հայկական վերածնության։ Արդարև դեռ շարունակվում են հին գրական տեսակները՝ մեկնություն, ճառ, հոգևոր երգ և այլն, բայց աշխարհիկ տարրը հետզհետե ավելի է մտնում եկեղեցականի ստեղծած գրականության մեջ՝ առաջ են գալիս գրական նոր թեմաներ և նոր տեսակներ, նոր լեզվով հորինված, մինչև որ լինում է մեր գրականության աշխարհականացումը։ Առանձնապես բանաստեղծությունը բոլորովին փոխվում է իր բովանդակությամբ ու ձևով, և մեր հին քնարերգությունը ձեռք է բերում գրեթե բոլոր կարևոր թեմաները։

Այս փոփոխությունը հետևանք էր կյանքի և աշխարհայեցության փոփոխության։ Մինչդեռ քրիստոնյա աշխարհի ուրիշ կողմերում դեռ ընդհանրապես իշխում էր թանձր միջնադարը, 11-րդ դարի առաջին կեսին արդեն մեր կյանքի ու մտածողության մեջ մտել էր մի հեղաշրջում, որով կրոնա-ճգնավորական ոգին տակավ առ տակավ տեղի էր տալիս մի ուրիշ ոգու դիմաց, և առաջ էր գալիս ինքնուրույն վերածնություն[1], որից չէր կարող չազդվել և հոգևորականը։

Թե երբ է եղել այդ փոփոխության և մեր հայկական վերածնության սկիզբը, այդ դժվար է որոշել։ Ոչ մի գրական նոր հոսանք,— ինչպես և ուրիշ մտավոր, կուլտուրական երևույթներ,— մի քանի տարում չի սկսվում և երևան գալիս որոշ գծագրված կերպով: Ինչպես Անանիա Շիրակացին գրում է, ամեն բնական երևույթի «Լինելութիւնն է սկիզբն ապականութեան, և ապականութիւնն դարձեալ անդրէն է սկիզբն լինելութեան»: Այս դիալեկտիկական, ըստ Շիրակացու, «անվնաս հակառակութեամբ» ծագում ու մահանում է նաև գրական երևույթը՝ տեղի տալով նո­րին, հարկավ, իր ֆունկցիան կատարելուց հետո կամ, ինչպես սովորաբար ասում ենք, բարգավաճելուց հետո: Նորի սկիզբը հենց այդ հնի մեջ է, նույնիսկ նրա

  1. Տես՝ այս շրջանի գրականության մասին՝ Մ. Աբեղյանի «Համառոտություն հայ ժողովրդական վեպի և հին գրականության պատմության, դասընթաց Երևանի Ժողովրդական Համալսարանի 1921-22 ճեմ. տարվա, Երևան, 1923 թ․։ Ապակետիպ՝ ձեռագրի իրավունքով»: Այլև Մ. Աբեղյանի «Վերածնությունը հայոց հին գրականության մեջ», ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական Ֆիլիալի «Տեղեկագիր» N 5-6 (10-11), Երևան, 1941 թ.: Այլև առանձին արտատիպ: