բարգավաճության մեջ։ Հին կրոնա-եկեղեցական ուղղության և վանական կյանքի ամենափայլուն ժամանակը մեզնում եղել է 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբներին, երբ դա ցայտուն կերպով արտահայտվել է եկեղեցական ճարտարապետությամբ և Գրիգոր Նարեկացու գրական երկերով։ Բայց հենց այդ ժամանակներում, 10-րդ դարի վերջերին և 11-րդի առաջին տասնամյակներին, է սկիզբը հնի «ապականության», այսինքն՝ քայքայման, որ և սկիզբն է նորի բացահայտ «լինելության», նոր մտավոր հոսանքի, որ դանդաղ պրոցեսով զարգանում էր տակավին շատ զորեղ կրոնա-եկեղեցականի կողքին, և որի արդյունքն է մեր վերածնության գրականությունը։ Ուստի թեև Գրիգոր Նարեկացին իր էությամբ պատկանում է նախորդ գրական շրջանին, բայց նրա երկերի մեջ արդեն, ինչպես տեսել ենք, երևում են վերածնության սաղմերը։ Նույնը նաև Անանուն Զրուցագրի մի քանի զրույցների մեջ, որ նույնպես տեսել ենք։
Այս «վերածնություն» տերմինն առնված է արևմտյան եվրոպական գրականությունից․ ուստի նախ մի քանի խոսք այն մասին, թե ի՛նչ են հասկանում «վերածնություն» ասելով՝ եվրոպական գրականության մեջ։ Այդպես, այդ անունով կոչվում են Արևմտյան Եվրոպայի և առանձնապես Իտալիայի վաղ-բուրժուական (քաղաքացական) կուլտուրան 14—16-րդ դարերում։ Այդ ժամանակ արդեն գլխավոր հասարակական դեր էր կատարում բարձրացած նոր դասակարգը — բուրժուազիան (քաղաքացությունը), որի դասակարգային շահերի և իդեալների արտահայտությունն էին դառնում գիտությունը, արվեստն ու գրականությունը։ Կուլտուրայի կենտրոն էին քաղաքները։ Առևտրական կապիտալով փարթամացած քաղաքացիները, հակադրվելով ֆեոդալին և եկեղեցականին, ճոխ կյանք էին վարում պարսպապատ քաղաքներում շինված շքեղ բնակարաններում, ազնիվ հագուստներով, թանկագին կարասիքով, ընտիր անոթներով, աշխատելով ձեռք բերել ամեն վայելք խնջույքներով, երաժշտությամբ և այլն:
Այս նոր դասակարգի կուլտուրայի առաջին հատկանիշն է դպրոցի և գրականության աշխարհականացումը՝ հակառակ հոգևորական սոցիալիստիկայի ձգտում է լինում ուսումնասիրելու բնությունը, բնագիտություն, մաթեմատիկա, իրավաբանություն։ Լատիներեն լեզուն դեռ երկար մնում է իբրև ընդհանուր միջազգային լեզու գիտության, փիլիսոփայության և այլի համար․ բայց առաջանում է պահանջ գրելու մի այնպիսի լեզվով, որ հասկանային ոչ միայն գիտնականները, այլև ուրիշները: Ուստի ծագում են հասկանալի լեզվով ազգային գրականությունները, ազգային գրական լեզուները:
Նախորդ դարերում անհատականությունը ոչնչացած էր, անհատն իրավունք չուներ եկեղեցուց անկախ մտածելու։ Վերածնության ժամանակ սկսում են տեսնել մարդու մեջ անձի ազատության գաղափարը։ Առաջ են գալիս մարդիկ, որոնք համարձակվում են եկեղեցու պես չմտածել:
Այդ ժամանակներում ավելի մոտից ծանոթանում և ուսումնասիրում են անտիկ, այսինքն՝ հին հունական և լատինական արվեստը, գրականությունն ու փիլիսոփայությունը: Ծնվում է սեր անտիկ գրականության ընտիր ձևերի և ձգտում կյանքի և ստեղծագործության մեջ հարություն