են եղել Անիում, «թեև հիմք չկա այդ առարկաների ծագումը բացառապես Անիից համարել»[1]: Մուսուլմանական ճաշակը հետզհետե ավելի մեծ չափով թափանցել Է Անիի քաղաքացիների բնակարանները և երևան է գալիս անոթների ձևերի ու զարդանկարների վրա»[2]։ Այս անոթների մի մասն, անշուշտ, դրսից են բերված եղել:
Մահմեդականների ազդեցությամբ, և ավելի՝ իբրև բնական հետևանք կյանքի զարգացման, փարթամ քաղաքացության մեջ սկսում Է ընկնել 10-րդ դարի կրոնական խստակեցությունը։ Այդ մարզիկը թեպետ և դեռ կրոնասեր ու բարեպաշտ էին, բայց իրական կյանքն ու աշխարհը նրանց համար ստանում էին արժեք։ Մի կողմից՝ նրանք ժամ էին գնում, բարեպաշտական գործեր կատարում, մյուս կողմից՝ ճոխ ու հանգիստ ապրելով պարիսպներից ներս, զարդարուն պալատներում, շրջապատված ճարտարվեստի և գեղարվեստի պաճուճանքներով, սիրում էին ուրախ֊զվարթ կյանք, ամեն վայելչություն։ «Միայն հեշտութեան և փափկութեան սպասեն»,— գրում է Ա. Լաստիվերտցին (էջ 167) և՛ Անիի, և՛ ուրիշ քաղաքների համար։ Ուրիշ տեղ (էջ 56) նույն պատմագիրը Հայոց աշխարհի համար գրում է. «Ուրախական երգոց և բանից միայն լինէին հանդէսք»։
Մատթեոս Ուռհայեցին գրում է. «Զկնի մահուանն Աշոտոյ [=Գագիկ թագավորի որդի և Հովհաննես թագավորի եղբայր Աշոտի, Գագիկ Բ.-ի հոր] թուլամորթեցան զօրքն Հայոց և ատեցին զարուեստ պատերազմի, մտին ընդ լծով ծառայութեան ազգին Հոռոմոց, նստան ի գինարբուսն, սիրեցին զբարբուտ [=լայնափոր նվագարան մի] և զերգս գուսանաց»։[3] Ներսես Շնորհալին 12-րդ դարի կեսերին «Եդեսիոյ ողբի» մեջ գրում է, թե խնջույքներով էին զբաղվում, երգ ու երաժտությամբ ուրախություն անում։ Մի դար հետո՝ Սմբատ Սպարապետը 11-րդ դարի համար ասում է, թե «թուլացան և աղարտեցին զպատերազմ, և սիրեցին զգինի և զգուսանս»:[4]
Այսպիսի զվարթ կյանքի, կերուխումի, ուրախ ժամանցի համար բնականաբար զարգանում էին գուսանների ուրախության և սիրո երգերը, որ ամենահին դարերից ի վեր սիրված են եղել մեր ազնվականներից և այժմ էլ զվարճացնում էին հարուստ քաղաքացիներին։ Այդ երգերի մասին, որոնք մեր վերածնության նախակարապետներն են, մանրամասն կխոսվի առանձին իր տեղում։
Աշխարհիկ շքեղությունն ու պերճությունը մտնում էր նաև եպիսկոպոսների բնակարաններն ու կաթողիկոսարանը, որ ոչնչով ետ չէր մնում պալատներից։ Այնտեղ էլ արծաթը հարգի էր դարձել և անարատ բարեպաշտությունը
- ↑ И. Орбели, Развалины, էջ 49 և հտ․:
- ↑ Н. Марр, Ани, էջ 36, 43:
- ↑ Մատթեոս Ուռհ․, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 79:
- ↑ Սմբատայ Սպարապետի Պատմութիւն, Մոսկվա, 1856, էջ 37։ Կիլիկիայի հայ ազնվականների մասին ևս Մարկո Պոլոյի ուղեգրության (1271—1295 թ.) մեջ կարդում ենք. «Հին օրերում այնտեղի ազնվականները քաջարի մարտիկ էին և կատարում էին զենքի հերոսական գործեր. բայց ներկայումս ողորմելի արարածներ են և ոչ մի բանի շնորհք չունին, բացի հարբենալուց, որով նշանավոր են»։ Աղբյուրներ Հայաստանի և Անդրկովկասի պատմության. Ուղեգրություններ, Հատոր Ա․ (1253—1582) երևան, 1932, էջ 44: