կողքին երկու հարցական, որով և արտահայաել է իր տարակուսանքը այս հատվածի տեղադրության առթիվ:
4. Ներկա հատորի Ա. գլուխը, որ կրում է «Վերածնության գրականություն» ընդհանուր վերնագիրը ու «Կյանքի ու աշխարհայեցության փոփոխություն» ենթավերնագիրը, իբրև դասախոսություն, 1943 թ. հունվարի 18-ին, «Կյանքի և աշխարհայեցության փոփոխությունը 10-րդ դարի վերջերում և 11-րդ դարի սկզբներում իբրև հիմք հայոց գրականության վերածնության շրջանի» խորագրի տակ, կարդացված է ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալում:
Նույնը, առանց դասախոսության ժամանակ արված սակավաթիվ բացատրությունների և հավելումների, տպագրված է ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալի «Տեղեկագրի» մեջ (1943, N 1, էջ 39—52):
Նկատի ունենալով, որ հատորի համար գրվածի և «Տեղեկագրում» տպվածի մեջ էական փոփոխություններ չկան, տալիս ենք առաջինը:
5. Ներկա հատորի «Հովհաննես Սարկավագ վարդապետ» գլուխը, որ բաղկացուցիչ մասն է «Նոր մտավոր հոսանքի առաջին փուլերը գրականության մեջ» բաժնի, իբրև առանձին հատված տպված է Հայկ, Գիտ. Ակադեմիայի «Տեղեկագրի» մեջ (1944, N 1—2, էջ 31—60):
Հիշյալ գլուխը Մ. Աբեղյանը, «Տեղեկագրին» տպագրության հանձնելուց առաջ, ենթարկել է զգալի փոփոխության թե՛ ըստ բովանդակության և թե՛ ըստ կառուցվածքի: Նա հարստացրել է իր գործը մի շարք նոր և կարևոր նյութերով, խմբագրել ու ընդլայնել է եզրակացություն֊ընդհանրացումները, փոխել մի երկու հատվածի վերնագրերն ու կառուցվածքը, վերջից ավելացրել մի նոր հատված՝ «Ձգտում դեպի բնություն և ռացիոնալիզմ և դրա աղդեցությունը գրականության մեջ» և այլն:
Այս ամենի հետևանքով աշխատանքն ընդհանրապես դարձել է ավելի մշակուն ու կատարյալ:
Նկատի ունենալով հիշյալ հանգամանքը, Ինստիտուտը նպատակահարմար գտավ ներկա հատորում տալ ոչ թե այս հատորի համար Աբեղյանի կողմից նախապես գրված «Հովհաննես Սարկավագ վարդապետ» գլուխը՝ «Սարկավագ վարդապետի կենսագրության շուրջը» վերտառությամբ հավելվածով, այլ վերջինիս հիմնովին վերամշակված վարիանտը իր նույնանուն հավելվածով՝ տպված «Տեղեկագրի» մեջ:
Կարևոր ենք համարում հիշելու նաև, որ այստեղ իբրև բնագիր օգտագործվում է՝ մեզ զբաղեցնող աշխատության «Տեղեկագրից» կատարված այդ արտատպության հեղինակի գրադարանում պահպանված այն օրինակը, որի վրա նրա ձեռքով կատարված են մի շարք նոր, ուշագրավ լրացումներ և ուղղումներ:
6. «Գրելիքի» երկրորդ կետը «Վիպական գրականություն» բաժինն է, որը նույն «գրելիքի» երկրորդ վարիանտում կոչված է «Ֆարման Մանուկի սիրավեպը» (տե՛ս երկրորդ կետը):
Մահը խանգարեց հեղինակին ի թիվս մի շարք այլ բաժինների գրելու նաև Ֆարման Մանուկի սիրավեպի մասին:
Ֆարմանի վեպի արձակ և չափածո տարբերակները կարելի է գտնել