մեջ ևս, ինչպես ասվեց, նման ձևով պատմվում է Ս. Գրիգորի համար, թե նա ճառեր է հորինել, դա արժեք չունի այդ ճառերի հեղինակի նկատմամբ։ Ագաթանգեղոսի Պատմության խմբագրողը, այդ գիրքը ծաղկեցնելու համար, Կորյունից, հաճախ անկապ կերպով, առել է բազմաթիվ ուրիշ կտորներ ևս, որոնք անտեղի և անհարմար են Ս. Գրիգորի համար։
Կորյունը պատմում է, թե Մաշտոցն Արևմտյան կողմերում «բազում շնորհագիր մատեանս զհարցն եկեղեցւոյ ստացեալ, ծովացուցանէր զվարդապետութեանն զխորութիւն, և լցեալ զեղոյր ամենայն բարութեամբք»[1]։ Դրանից հետո Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ և ներկայանում է Սահակ կաթողիկոսին ու Արտաշես թագավորին։ Այդ ժամանակներում հենց, օգտվելով հիշված «շնորհագիր մատյաններից», նա հորինած պիտի լինի «Յաճախապատում» ճառերը, որոնց մեջ նա գրավոր ամփոփել է, ինչ որ տարիներ շարունակ բերանացի քարոզել է և՛ ժողովրդին, և՛ վանականներին իր հիմնած վանքերում։ Այդ երևում է «Յաճախապատումի» հետևյալ կտորից, որի վրա, ինչպես հարկն է, ուշադրություն չեն դարձրել։ «Ոչ տոհմից փառաւորութիւն փառաւոր առնի առ Աստուծոյ, այլ առաքինութեան բարետոհմութիւն։ Զի ի Հայս ոչինչ մեծագոյն և ի Պարս՝ քան զԱրշակունեաց ազգս և տոհմս… Այլ եթէ ոչ զգաստասցին ի բարի կրօնս, աւելի պատուհաս ընկալցին ի տեառնէ։ Եւ ծառայք նոցա որ հաճոյ եղեն Աստուծոյ, թագաւորեալք փառաւորեսցին ի տեառնէ. և նոքա պարտաւորեալք յաղագս մեղաց՝ պատժեսցին յարդար իրաւանցն»[2]։ Այս հատվածի բովանդակությունը կարելի չէ վերագրել Գրիգոր Լուսավորչին, 4-րդ դարի առաջին երեսնամյակում։ Այն ժամանակ Պարսկաստանում շատ վաղուց ընկած էր պարթևական հարստությունը, իսկ Հայաստանում թագավոր էր առաջին քրիստոնյա բարեպաշտ Տրդատը քառասնամյա խաղաղության շրջանում, երբ Հալաստանի սահմանները շատ ընդարձակված էին, և իշխող Արշակունի հարստության անկման մասին խոսք չէր կարող լինել։ Դա հարմարվում է հայ Արշակունի տոհմի վիճակին 420-ական թվականներին, երբ թագավոր էր Արշակունի տոհմի վերջին պայազատը, Արտաշեսը, հայտնի ոչ իր «բարեկրոն» կամ «առաքինի» վարքով, երբ և հասկացողները պարզ նկատում էին այդ տոհմի մոտալուտ անկումը։ Վերևի հատվածը Մաշտոցի կողմից մի ազդարարություն է եղել, հարկավ, ոչ Վռամշապուհ թաղավորին, այլ նրա այդ որդի Արտաշեսին։ Դրանով էլ որոշվում է և «Յաճախապատումի» հորինման ժամանակը՝ մոտավորապես 420-ական թվականները։
Այդ ճառերի բնույթն էլ այնպիսի է, որ ենթադրել է տալիս, թե դրանք ուղղված են մեծ մասամբ ոչ նորադարձ քրիստոնյաների։ Եվ եթե կան այնպիսի ճառեր, որոնք թերևս, ինչպես կարծել են, ակնարկում են