14. Մարդակենտրոն աշխարհայացք (անթրոպոցենտրիզմ)։— Աստուծու արարչության կենտրոնը կազմում է մարդը, որին նա իր պատկերով ու նմանությամբ է ստեղծել և ավելի է սիրում (էջ 66)։ Բոլոր արարածները— գազանները, անասուններն ու թռչունները, երկիր, ջուր, հուր և օդ, բույսերը, և առհասարակ բոլոր տիեզերքը (նույնիսկ հրեշտակներն ու սատանան իր դևերի հետ)— մարգու համար են ստեղծված։ Բոլորի ժառանգը մարդն է։ Աստված նախ ժառանգությունն է արարել, հետո՝ ժառանգին. «նախ զտունն, և ապա զտնակալն. նախ զստացուծսն, և ապա զստացողն. նախ զծառայսն, և ապա զտէրն»: Մարդն իշխան է բոլորի (էջ 162)։ «Զահ և զերկիւղ մարդոյն՝ արկեալ է արարչին ի վերայ գազանացն և սողնոցն և անասնոցն և թռչնոց, վասն առաւել զնա պատուելոյն. զորոյ և զարարածն նորանշան իմն ընծայեցուցանէ, թէ ստեղծ որպէս ձեռօք և փչեաց շունչ կենդանի որպէս թէ բերանով. և այնու, զի առաւել պատուական ցուցանիցէ զնա, յայտ առնէ» (էջ 109)։ Նա արարել է մարդու համար «զկէսսն ի պէտս, և զկէսսն ի զարդ, և զկէսսն զարհուրեցուցիչս՝ վասն զտարապարտ հպարտութիւն մարդոյն ցածուցանելոյ» (էջ 102)[1]։
15. Անձնիշխանություն։ Չարիքի սկիզբը։ Միջնադարյան քրիստոնեական աշխարհայեցությունը և մարդուս եղերական վիճակը։— Եզնիկը հակառակ է ֆատալիզմին, ճակատագրի հավատքին, նախասահմանությանը, մարդուս կանխորոշված վիճակին։ Աստված, ըստ նրա, կանխագետ է, առաջուց գիտէ, թե ի՛նչ պիտի լինի ամեն մարդու բախտը, վիճակը, բայց մարդուն ազատ է թողնում ընտրություն անելու։ Մարդս անձնիշխան է, ազատ կամք ունի։ Անձնիշխանությունն է ամենամեծ պատիվն ու շնորհքը, որ տրված է մարդուն. որովհետև աստված «ոչ կամէր թէ որպէս զանասունս ի հարկէ վարիցին» (էջ 54)։ Բոլոր արարածներն անում են այն միայն, ինչի համար կարգված են. իսկ մարդս «առեալ զանձնիշխանութիւնն ո՛ւմ կամի՝ ծառայանայ, որ մեծ շնորհն պարգևեալ
- ↑ «Յաճախապատում»՝ «Կացոյց և զլուսաւորս յերկինս յառաջնորդութիւն և ի փոփոխումն աւուրց և ժամանակաց, ի սնունդ մարդկան և ամենայն կենդանեաց և բուսոց և տնկոց։ Նաև զհուր և զջուր, զամպս և զհողմս յարդարեաց ի պէտս ազգի ազգի բուսոց և տնկոց, որ ի պէտս մարմնականս արարան իւրաքանչիւր պտղովք և սերմամբք, և որ ի ջուրս են ղուղակք և ձկունք. ազգ գազանաց պէսպէս բնութեամբ և զանազան կերպարանօք ի ծովու և ի ցամաքի, մեծամեծք և փոքունք, քաղցրունք և դառինք, շահեկանք և անշահք: Նմանապէս ի տունկս և ի բոյսս որ ի պէտս երևին մարդկան, և ոչ արարչին արարան։ Ոսկի և արծաթ և պղինձ և երկաթ, և պատուական քարինք և անարգք ի պէտս մարդկան… հաստատեցան։ Եւ ի չորից նիւթոց զերևելիսս եցոյց, խոնաւ և ցամաք, ցուրտ և ջերմ յԱստուծոյ կազմեցան։ Եւ ի նոյն նիւթոյ արարեալ զմարդն, և շնչեաց ի նա հոգի կենդանի և անմահ, մտաւոր և բանաւոր: Եւ խառնեաց զհոգևորն ընդ մարմնաւորն… զի լիցի տեսուչ արարչին արարածոց» (Դ. 27 և հտն.)։