Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/163

Այս էջը հաստատված է

ոչ ունէր իշխանութիւն երկոցունց, անսալոյ այնմ՝ զոր Աստուածն կամէր, և չանսալոյ այնմ՝ զոր նայն չախորժէր։ Բայց իրաւամբք այն է, յորժամ արժանի ըստ որոց գործեացն ոք ինչ առնուցու» (էջ 31)։ Այսպես ուրեմն մարդս հաղթելով սատանայի փորձություններին՝ իր արժանի վարձատրությունը կստանա հավիտենականության մեջ։ Դրանով կերևա աստուծու բարությունը։

Բայց մարդ կարող է չդիմանալ դևերի փորձություններին և պարտվել սատանայի դեմ պատերազմի մեջ։ Դրան էլ ճար կա։ Աստված թողել է սատանային, որպեսզի «յորժամ զսատանայ ամպարշտացեալ տեսանիցեն և չբարձեալ ի միջոյ, և վասն իւրեանց մեղացն իմանայցեն՝ թէ գոյ հնար թողութեան ապաշխարութեամբ․ զի Աստուծոյ բարերարութիւնն ցուցանիցի, և մարդիկ զշնորհն նորա գիտասցեն․ զի եթէ այն այնպէս չէր լեալ, և ոչ բարերարութեանն նորա ոք խելամուտ լինէր» (էջ 39)։ Եթե այնպես չլիներ, «անծանօթ ևս լինէր առ յապայ մարդկան՝ Աստուծոյ բարերարութիւնն (էջ 40)։ Սատանայի փորձություններին չդիմացող և չարիք գործող մարդն էլ, ուրեմն, ապաշխարելով կարժանանա աստուծու շնորհքին, և դրանով նույնպես կերևա աստուծու բարերարությունը։

Այսպես ուրեմն, թեպետ մարդս աշխարհարարման կենտրոնն է, բայց վերջին հաշվով ամենը ստեղծվել է և լինում է միայն արարչի բարերարությունը, բարությունը ցույց տալու նպատակով, «զի առաւելութիւն բարերարութեան նորա յայտնի լիցի մարդկան», «քանզի բարերար էութիւն է Աստուած, ոչ կամեցաւ զազնուականութիւնն իւր ծածկել» (էջ 39)։ Դրա համար և նա ստեղծել է աշխարհը, և ամեն ինչ արարել է իր բարությամբ․ «աննախանձ ետ զկենդանութիւնն, առ ի յայտնելոյ զիւրոյ զբարերարութեանն հանդէս» (էջ 7)։

Իսկ մարդուս ի՞նչ օգուտ դրանից, բայց եթե այն, որ հավատացող մարդու, հավատացյալի համար դրանով, այդպիսի արարչությամբ հենց սկսվում է մի դառն, եղերական վիճակ, մարդկանց կյանքի ողբերգությունն ըստ միջնադարյան կրոնական աշխարհայացքի։ Աստված ուզում է, որ մարդս բարի անի։ Մարդս անձնիշխան է, սատանան նրան շարունակ դեպի չարն է դրդում։ Պետք է հաղթել սատանային։ Բայց սատանան ոչ մի բանից չի վախենում․ նա միայն աստուծու անունը լսելուց քստմնում է (էջ 104), և միայն պահքով և աղոթքով է ելնում. «Այս ազգ ոչ ելանէ՝ եթէ ոչ պահովք և աղօթիւք», ասել է Հիսուս (էջ 124)։ Արդարև, կան և հրեշտակները, որոնք արբանյակներ են մարդկանց օգնելու համար, և «իւրաքանչիւր մարդոյ հրեշտակ առանձինն պահապան կայցէ»։ Բայց այդ էլ մեկնաբանները, — ասում է Եզնիկը,—բացատրում են, թե հրեշտակ կոչվում են մարդկանց աղոթքները․ «որպէս թէ աղօթք նոցա՝ որ հանապազ մտանեն առաջի Աստուծոյ՝ կոչին հրեշտակք» (էջ 76)։ Հետևաբար մարդը, սատանային հաղթելու համար, էլ ուրիշ միջոց չունի, բայց եթե այն, որ պետք է շարունակ պահքով և աղոթքով ապաշխարի։ Մեղանչած մարդն էլ պիտի նույն կերպ ապաշխարի, որպեսզի թողություն