ստանա և փրկվի, և աստուծու բարությունը երևա: Պետք է, ուրեմն, մարմինը ճնշել, ճգնել, կրոնավոր վանական դառնալ։
Ահա՛ միջնադարյան քրիստոնեական աշխարհայեցությունը, որի տեսարանն է հանդիսանում մեզնում Եզնիկ Կողբացին։ Հայաստանում 5-րդ դարում, հարկավ, դեռ միայն որոշ դասի մարդկանց մեջ կար այդ։ Դրա կատարյալ զարգացումը կյանքի մեջ երևան է գալիս Գրիգոր Նարեկացու ժամանակ և արտահայտվում է սրա «Ողբերգութեան մատեանի» մեջ։
16. Խրատք։— Եզնիկի անունով մնում են և բավական թվով «Խրատք», որ տպագրված են «Եղծ աղանդոց» գրքի վերջում (էջ 209—219)։ Դրանք ամենամեծ մասով ուղղված են կրոնավորներին և վանքերի առաջնորդներին։ Բովանդակությունը կրոնական է, մաքուր կրոնավորական կյանքի հորդոր, պայքար ընդդեմ մարմնասիրության, օրինակ՝ «Կրօնաւոր մարմնասէր՝ խոզի նման է, ի ծովացեալ մեղացն հեղձնու». կամ հետևյալը. «Որ աստ զմարմինն պարարէ՝ ի յաւիտենական հանգիստն ոչ մտանէ»: Քարոզում է կարոտյալներին օգնել, լալ, արտասվել, խոսում է ընդդեմ կեղծ կրոնավորների. «Զմիս անասնոյ ոչ ուտեն, և զեղբայրն անյագաբար ուտեն. գինի ոչ ըմպեն, և զհոգին արեամբ շաղախեն. զամուսնացեալսն ատեն, և պիղծ խորհրդով հանապազ պոռնկին. զգեստ զյոռին զգենուն, և ագահութեամբ այրին. յայնպիսեացն արժան է փախչել, և ոչ հաղորդութիւն ունել»։
Կան և ընդհանուր կենցաղական բովանդակությամբ բարոյական խրատներ ևս, իսկապես կարճ ու հակիրճ իմաստալից ասացվածներ, ինչպես են՝
Որ գարուն ի հանգստեան կայ, ձմեռն ի սովոյ և ի սառնամանեաց սատակի։
Մի՛ բարկանար աշակերտի մեղուցելոյ, զի հիւանդ ոչ թէ յիւր կամաց հիւանդանայ։
Աշխատելոցն հրամայեաց զհանգիստն, և ոչ որդնապարար մարմնասիրացն։
Նեղեա զմարմինդ գիտութեամբ գրոց վկայութեամբ։
Զփափկութիւն և զհանգիստ ատեա։
Այս կեանքս պատերազմ է։
Մի քանի այսպիսի իմաստալից ասացվածներ կան և «Եղծի» մեջ, ինչպես՝ «Եւ պատերազմաց սկիզբն յագահութենէ մարդկան եղև, ուստի յափշտակութիւնք սահմանաց են և գիւղից և օտար քաղաքաց, ընչից և ստացուածոցն (էջ 57)։ Այս իմաստով հազար տարի հետո երգում է մեր մի բանաստեղծը։