Մաշթոցի» աշխատությունը, որ է Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը[1]: Կորյունը Մաշտոցի աշակերտն է: Նա իր ուսուցչի մահից հետո մտածում է գրել Հայոց գրի ծագման մասին և դրա հորինողի կենսագրությունը: Այդ գործը դեռ չսկսած՝ նա, ինչպես իր գրքի առաջաբանից իմանում ենք, այդ անելու համար հրաման է ստանում Մաշտոցի աշակերտ Հովսեփից, որ կաթողիկոսական տեղապահն էր, այլև այդ մասին քաջալերություն՝ Մաշտոցի ուրիշ աշակերտներից: Ինչպես երևում է, նրանցից շատերը միաժամանակ մտածել են գրով անմահացնել իրենց «վարդապետի», այսինքն ուսուցչի կատարած մեծ գործի պատմությունը և իրենց ուսուցչին: Եվ Կորյունը գրում է մի գովաբանական կենսագրություն, որի մեջ չի մոռանում և ուրիշներին, որոնք աշխատել են հայերեն դպրության համար: Նրա գրվածքը հայկական տառերով հորինված առաջին ինքնուրույն պատմական երկն է, որ իրավամբ նվիրված է հենց այդ տառերի գյուտին և դրանց սկզբահորը:
Կորյունի այդ երկի գրության ճիշտ տարեթիվը մեզ հայտնի չէ: Դա հորինված է 443-451 թվականների մեջ: Կաթողիկոսական տեղապահ Հովսեփը, որ հրամայել է Կորյունին գրել Մաշտոցի կենսագրությունը, Ավարայրի ճակատամարտից (451 թվական) քիչ հետո բռնվել, տարվել է Պարսկաստան և այնտեղ նահատակվել, այսինքն քրիոստոնեության համար սպանվել: Դարձյալ՝ եթե 451 թվականից հետո գրված լիներ, դժվար թե Կորյունն այնքան մեծ գովեստներ տար Վասակ Սյունի իշխանին, որ Վարդանանց պատերազմի ժամանակ անցել էր պարսիկների կողմը: Նա չէր անվանիլ նրան «քաջն Սիսականն Վասակ․ այր խորհրդական և հանճարեղ և յառաջիմաց, շնորհատուր իմաստութեամբն աստուծոյ» (հատվ. ԺԴ.): Մյուս կողմից՝ այդ երկը գրված է Մաշտոցի մահից ոչ անմիջապես հետո, քանի որ Սահակի համար ասում է. «Ամի ամի գումարելովք ի նոյն ամսեան՝ զնոյն յիշատակն տօնախմբեն» (հատվ. ԻԴ.): Մի երեք-չորս տարի պետք է այդ հիշատակը կատարված լիներ Սահակի մահից (439 թ.) հետո, որպեսզի այդպես գրել կարելի լիներ, ուրեմն 439+4=443 թ.: Ապա՝ նա գրում է, թե Մաշտոցի մահից երեք տարի հետո, ուրեմն 440+3=443 թ., Վահան Ամատունին տաճար է կանգնել տվել Մաշտոցի գերեզմանի վրա: Հետևաբար, եթե Կորյունն առաջ էլ սկսած լիներ իր աշխատությունը, նա այդ վերջացրել է ոչ վաղ քան 443 թվականը:
Այս է Կորյունի երկի գրության ստույգ ժամանակը: Հարկ է հիշել, որ 19-րդ դարի վերջերից ի վեր եղան բանասերներ, որոնք մի ընդհանուր մարմաջով բռնված՝ սկսեցին մեր մատենագիրների ժամանակն իջեցնել դեսը դեպի մեզ, հաճախ առանց որևէ հիմքի, լոկ խոսքով:
- ↑ Պատմութիւն վարուց և մահուան առն ելանելւոյ սրբոյն Մաշթոցի վարդապետի մերոյ թարգմանչի, ի Կորիւն վարդապետէ յաշակերտէ նորին.- Կորյուն, Վարք Մաշտոցի․ բնագիրը ձեռագրական այլ ընթերցվածքներով, թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթություններով, ի ձեռն պրոֆ. դոկտ. Մանուկ Աբեղյանի, Երևան, 1941։