Այդպիսիների գրչից զերծ չի մնացել և Կորյունի այդ երկը՝ աղճատված բնագիրը չհասկանալուց:
Կորյունի մասին մի քանի ուրիշ կենսագրական տեղեկություններ էլ ունենք՝ դարձյալ հենց իր գրքույկից: Նա, ինչպես ինքը գրում է առաջաբանի մեջ, բախտ է ունեցել լինելու Մաշտոցի մասնավոր աշակերտը, իր աշակերտակիցների մեջ եղել է կրտսերագույնը: Գրքի վերջաբանի մեջ (հատվ. ԻԸ.) նա հայտնում է, թե ինքն ականատես է եղել իր պատմածին, ընթերակա է եղել Մաշտոցի ու Սահակի գործերին, այլև եղել է «արբանեակ», այսինքն փոքրավոր գործակից: Անվանում է Մաշտոցին իր «հայր», հասկանալի է՝ հոգևոր հայր: Գրել է ոչ միայն իմացածները, այլև նշանավոր գիտակ անձերից քաղելով:
Նա պատմվածքի ընթացքում էլ երկու անգամ հիշում է իրեն: Երբ Հայաստանի զանազան կողմերից Վաղարշապատում հավաքած աշակերտներն ուսման մեջ կատարյալ են դառնում, այն ժամանակ նրանց խումբ-խումբ ուղարկում են գավառները սովորեցնելու: Կորյունն իրեն էլ մեկն է ասում այդ ուղարկվածներից՝ այսպես գրելով. «Սկսան… գումարել ի կողման, ի գաւառս… զհասուցելոցս ի կատարումն գիտութեան [զդասս], բաւականս և առ ի զայլսն զեկուցանելոյ» (հատվ. ԺԲ.):
Մի ուրիշ տեղ (հատվ. ԺԹ.) նա պատմում է, թե մի քանի «եղբայրներ» Հայաստանից գնում են Կոստանդնուպոլիս: Նրանցից առաջինն էր Ղևոնդես, երկրորդն ինքը Կորյունը («և երկրորդն՝ Կորիւնս»), որոնք մոտենում, հարում են Եզնիկին, իբրև ընտանեգույն սննդակցի,- «մատուցեալ յարէին յԵզնիկն, իբրև առ ընտանեգոյն սննդակից»: «Եղբայր» բառից երևում է, որ Կորյունը կրոնավոր է եղել: Նրանք Կոստանդնուպոլսում հոգևոր պիտույքի խնդիրը կատարելուց, այսինքն թարգմանություններ անելուց հետո՝ վերադառնում են՝ հետները բերելով ձեռագիրներ, որոնց թվում և Եփեսոսի ժողովի կանոնները: Այդ ժողովը տեղի է ունեցել 431 թ.: Ուրեմն Կորյունն իր ընկերների հետ վերադարձել է ոչ վաղ քան 431 թ.:
Եզնիկը, ինչպես ինքը Կորյունը գրում է, Այրարատյան գավառի Կողբ գյուղից էր, նա հայտնի Եզնիկ Կողբացին է: Որ նա եղել է Կորյունի «ընտանեգոյն սննդակիցը», պետք է ընդունել, որ Կորյունը մանկության ժամանակ սնված, մեծացած է եղել Եզնիկի հետ: Այսպես և Ղազար Փարպեցին իրեն անվանում է Վահան Մամիկոնյանի «սննդակից», որովհետև վերջինիս մայրը նրան իր որդու հետ «սնուցել» է, այսինքն մեծացրել, կրթել է: Էլ ուրիշ կենսագրական տեղեկություններ չունենք մեր այս հեղինակի մասին[1]: Հետագայում նրան միայն գովում են անվանելով՝ «այրն ցանկալի Կորիւն», «այրն հոգևոր Կորիւն», «երանելի այրն Կորիւն», «երանելին Կորիւն», «սքանչելի այրն Կորիւն» և նույնիսկ «սուրբն
- ↑ Կորյունն իբր եպիսկոպոս է եղել Վրաստանում։ Մի կարծիք, որ առաջ է եկել բնագրի աղճատման հետևանքով և գրվածքն իր ամբողջությամբ լավ չուսումնասիրելուց։- Տե՛ս վերևում հիշված հրատարակության էջ 115, ծան. 102։