Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/168

Այս էջը հաստատված է

Կորիւն»։ Այս գովեստները ցույց են տալիս, որ նա բարի համբավ է թողել իր մասին»:

Կորյունն իբրև «վարդապետ»՝ անշուշտ պարապել է ուսուցչությամբ ու քարոզչությամբ, ինչպես իր ուսուցիչ Մաշտոցը. նա պարապել է նաև թարգմանություններ անելով: Գուցե նա գրքեր էլ է գրել, բայց ոչ մի ուրիշ երկ հայտնի չէ նրա անունով, բացի Մաշտոցի «Վարքի և մահվան պատմությանից»: Ձեռագիրների մեջ կա հետևյալը. «Ապաշխարող կարգել և արձակել ի մեծի հինգշաբաթին՝ երանելւոյն Կիւրղի Երուսաղեմացւոյ գրեալ… և Արձան և Կորիւն թարգմանիչք բերին ի Հայս»։ Այս երկի թարգմանությունը վերագրում են Կորյունին: Գործածված բառերի ու դարձվածների վրա հիմնվելով` նրանն են համարում և ուրիշ թարգմանություններ[1], բայց այդ երկբայելի է, մասամբ և բոլորովին մերժելի:

3. Գրության և իր ժամանակի պարագաները:- Այս տիպի որևէ գրվածք գնահատելիս՝ ամենից առաջ պետք է նկատի ունենալ հեղինակի ծրագիրը, այսինքն՝ թե ի՛նչ է ուզեցել գրել, և գրելու ժամանակը, դարը։ Արդ, Կորյունը հենց սկզբից հայտնում է, թե ինքը մտածել է գրել հայկական «գրի մասին՝ թե ե՛րբ և ո՛ր ժամանակ բաշխվեց և ի՛նչպիսի մարդու ձեռով տրվեց այդ աստվածային նոր շնորհքը, այլև այդ մարդու լուսավոր վարդապետության (ուսման) և հրեշտականման առաքինի կրոնավորության մասին»։ Մի անգամ որ այս է եղել նրա ծրագիրը և որ նա հայոց պատմություն չի գրել, բնական է, որ այժմ մենք նրանից ուրիշ բաներ պահանջել չենք կարող։ Նա շատ լավ գործադրել է այն, ինչ որ ծրագրել է:

Ծիծաղելի է, երբ 19-րդ դարի վերջում Եվրոպայում նստող մեկը ծաղրում է մեր այս հեղինակին, գրելով, թե Կորյունը «առաւել քան զկար իւր կը համարի պատմել զվարս Մաշտոցի և կը փութայ խնդրել ի սատարութիւն զաղօթս ուսումնակցացն, որպէս թէ քանի մի էջ բան գրելն ստուգիւ մարդկային կարողութենէ վեր ըլլար և աստուածեղէն շնորհաց օգնականութեան կարօտ»[2]։ Հնումն այդպես մտածում և վարվում էին և ուրիշները, ինչպես, օրինակ, Ղազար Փարպեցին։ Դա ժամանակի կրոնական ոգու արտահայտություններից մեկն էր։ Մյուս կողմից՝ դա նաև մի համեստության խոսք է Մաշտոցի ավագ և մեծ դիրք ունեցող աշակերտի, կաթողիկոսական տեղակալ Հովսեփի նկատմամբ։ Բայց որ նա իրեն դիմող ընկերների աղոթքն էլ խնդրում է՝ ասելով «զի կամակարագոյնս և ուղղագոյնս նաւիցեմք զհամատարած ալեօքն վարդապետական ծովուն»,

  1. Տե՛ս Նորայր Բյուզանդացի, Կորյուն վարդապետ և նորին թարգմանութիւնք, գիրք Մակաբայեցւոց, Եւթաղ Աղեքսանդրացի, Ագաթանգեղոս և Փաւստոս Բիւզանդ, Տփխիս, 1900, էջ 6 և հտն․։
    Մկրտիչ Աւգերեան, Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի, 1836, առաջաբանի մեջ, մատյանների ցուցակում Բ ո ւ զ [ա ն դ] անվան տակ, որի թարգմանիչն է Կորյունը։ Այլև Գարագաշյան, Քննական պատմություն, Տփղիս, Գ, 381։
  2. Նորայր Բյուզանդացի, Կորյուն վարդապետ․․․, էջ 7։