Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/191

Այս էջը հաստատված է

տեսարաններ, սրբակյացների մասին հրաշապատումներ, այլև անունով լոկ քրիստոնյա, խաբեբա, ավազակ ու խեղկատակ եպիսկոպոսների մասին պատկերներ, այն էլ չափազանց ուժեղ գծերով, որոնք անդրադարձրել են իրական կյանքը (Զ. 8, 9, 10)։

Մինչդեռ ներքին կյանքի ուսումնասիրության համար կարելի է ազատ կերպով օգտվել Փավստոսի ընծայած բազմակողմանի հարուստ նյութերից, նույնը կարելի չէ ասել անձերի ու դեպքերի, եղելությունների վերաբերմամբ։ Անտարակույս, կան շատ պատմական անցքերի նկարագիրներ, բայց այնքան և այնպես, որքան և որպես ամեն մի պատմական երգի ու վեպի մեջ։ Դա մեծ մասամբ պատմություն չէ, այլ բանաստեղծություն, ուստի ստեղծագործությունը մեծ տեղ ունի դրա մեջ. պատմված դիպվածների հիմքը միայն, այն էլ ոչ միշտ, պատմական կարող է լինել։ Հետևաբար կարելի չէ անվերապահորեն օգտվել նրանից, իբրև մի պատմական ստույգ աղբյուրից, ինչ որ պատմական անձերին ու եղելություններին է վերաբերում, ինչպես երբեմն վարվում են վերջերս, երբ Փավստոսի արժեքը մեծացած է։

Տեսնել այս գրքի վերջում դրված Երկրորդ հավելվածը՝ «Փ. Բուզանդի Հայոց Պատմության առաջին և երկրորդ դպրությունների խնդիրը»։

Այլև «Պարսից Պատերազմ» վեպի պատմականության վերաբերյալ՝ Մ. Աբեղյան, Երկեր, հտ. Ա., §§ 86,—93 (էջ 199—225)։