և Անդովկ Սյունուն, որոնք և պիտի կրթեին ապագա սպարապետ մանուկ Արտավազդին: Իր մահով մեռնում է Խոսրովը, և թագավորում է որդին՝ Տիրանը։
Այս ճյուղի առանձին սյուժետների մեջ կա գլխավորապես ժամանակական կապ. ուստի դրանք հաջորդում են այսպիսի բանաձևերով՝ «Եւ զայնու ժամանակաւ», «յայնմ ժամանակի», «և մինչդեռ նա», «բայց յետ այսորիկ», «ապա» և նմանները։ Բայց և այնպես այս ամբողջի մեջ կա մի ընդհանուր խնդիր։ Դա ոչ թե վրեժխնդրության պատերազմն է, այլ այս ճյուղի մեջ հայերն արդեն իրենց երկրի պաշտպանության և անկախության վրա են մտածում։ Աչքի է ընկնում իշխանների ապստամբությունն ու դավաճանությունը։ Բայց Մամիկոնյան Վաչեն քաջ կռվում է թշնամիների դեմ և թագավորի հավատարիմ ծառան է։
3. Տիրանի վեպն ինքն առանձին կազմում է մի վիպական ամբողջություն։ Հայր Մարդպետը, հայտնի չէ թե ինչու, կոտորել էր տալիս շատ նախարարների, մանավանդ Ռշտունի և Արծրունի տոհմերը։ Մեհենդակ Ռշտունու Տաճատ որդուն և Վաչե Արծրունու Շավասպ որդուն, երկուսն ևս ստնդյա երեխաներ, բերում են թագավորի առաջ, որ հրամայում է նրանց սպանել։ Բայց Տիրանի որդի Արշակի դայակները, Արտավազդն և Վասակը, «որք էին զօրավարք ամենայն զօրացն Հայոց», վրա հասնելով՝ ուժով ազատում են այդ երեխաներին, և թողնելով իրենց սան Արշակին, նրանց առնում գնում են իրենց աշխարհը՝ Տայոց ամուրները, ուր և մեծացնելով նրանց պսակում են իրենց դուստրների հետ։ «Եւ նստան անդ ամս բազումս ընտանեօք իւրեանց, և թողին զայլ տուն իւրեանց», այսինքն Տարոն, «և ոչ խառնէին նոքա ի խորհուրդս Հայոց մինչև ի բազում ամս» (Բուզ., Գ. 18)։
Այսպես երկպառակություն է ընկնում թագավորի և իր զորավարների միջև։ Շատ գեղեցիկ վիպական դրվագ է Տիրանի և Վարազ Շապուհի հարաբերությունը։ Տիրան թագավորը մի շատ մեծ ու գեղեցիկ ձի ունի. Փիսակ սենեկապետը, երբ դեսպան է դնում Ատրպատական, այդ ձիու մասին հայտնում է այնտեղ նստող Վարազ Շապուհին։ Սա խնդրում է՝ ձին տան իրեն։ Թագավորը խնայում է և բոլորովին նման մի ուրիշ ձի ճարելով՝ այդ է ուղարկում։ Փիսակն այդ մասին հայտնում է Վարազ Շապուհին և նրան գրգռում է Տիրանի դեմ։ Վարազ Շապուհը թշնամանում է և խաղաղության ժամանակ Հայաստան գալով իբրև բարեկամ, հյուրասիրում է թագավորին. և նրան, որ անպաշտպան էր, սաստիկ հարբած ժամանակ, դավադրությամբ բռնում են, կուրացնում ու գերի են տանում Պարսկաստան։ Այդ տեղի է ունենում այն պատճառով, որ թագավորի մոտ չէին զորավարները, նախարարներն ու զորքերը։
Եւ ի ժամանակին յայնմիկ
Այնպէս դիպեցաւ, յայնմ ժամանակի,
Զօրավարքն չէին անդ,