Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/202

Այս էջը սրբագրված է

Պէշասպիկ մի սուրհանդակ առաջի,
Պրծեալ ելանէր փախստական.
Հազիւ ուրեմն կարէր
Անկանել, հասանել յաշխարհ իւր:
Բուզ., Գ. 21

Վարազ Շապուհը պատժվում է, Տիրանն ազատվում է, և թագավորում է Արշակը: Պատերազմը վճռվում է դարձյալ հօգուտ Արշակունիների:

4. Արշակի ու Պապի և Վասակի ու Մուշեղի ճյուղերը կազմված են նույն ցիկլին պատկանող, իրենց մեջ փոքր ամբողջություններ կազմող մի քանի վեպերից։ Դրանցից առաջինը կարելի է կոչել «Արշակ ու Ներսես», որի մեջ զորեղ կերպով է երևում կրոնական ազդեցությունը: Արշակի առաջին գործը լինում է հաշտվել Մամիկոնյանների հետ: Սրանով նրա վեպը կապվում է Տիրանի վեպի հետ, որի սկզբում, ինչպես տեսանք, պատմվում է, թե Մամիկոնյանները խռովում, հեռանում են արքունի բանակից: Կարգավորվում են և մյուս նախարարությունները, և կաթողիկոս է ընտրվում Ներսեսը:

Ապա Արշակը Ներսեսի գլխավորությամբ դեսպանություն է ուղարկում Վաղես կայսրի մոտ: Սա Ներսեսին արգելում, աքսորում է և նրա փոխանակ արձակում է Արշակի եղբորորդիներին՝ Գնելին ու Տիրիթին: Դրա վրա բարկանում է Արշակը: Նա Վասակ զորավարի ձեռով մոտ 260,000 զորքով վեց տարի շարունակ ավերել և ավարել է տալիս հռոմեական կողմերն առանց որևէ դիմադրության.

Հարկանէր, աւար առնոյր զկողմանս Գամրաց,
Մինչև ի քաղաքն յԱնկուրացւոց:
Զվեց ամ զմիմեանց զհետ՝
Աւերէր զաշխարհ սահմանացն Յունաց:
Լցան աւարաւ բազմաւ և պէսպէս մեծութեամբ:
Բուզ., Դ. 11

Նույն միջոցներին, Ներսեսի բացակայության ժամանակ, թագավորը շինում է Արշակավանը, Հայր Մարդպետի դրդմամբ կոտորել է տալիս նախարարներին, որոնց մեջ և Կամսարականներին: Ապա պատմվում է, թե ինչպես Ներսեսի անեծքով ավերվում է Արշակավանը, և Շավասպ Արծրունին սպանում է Հայր Մարդպետին: Այս վերջին դրվագով ևս այս պատումը կապվում է Տիրանի ճյուղի հետ, որ սկսվում է Բուզանդ Գ. 18. գլխով. «Յաղագս Հայր Մարդպետի, որ տայր կոտորել զազգս նախարարացն», որոնց թվում և Արծրունիներին:

Մի առանձին պատում է «Արշակ և Փառանձեմ», որի մեջ պատմվել է Գնելի սպանումն, Արշակի ամուսնանալը Փառանձեմի հետ և Փառանձեմի