Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/204

Այս էջը սրբագրված է

հին մեղքով, և դավաճանությամբ ընթրիքի ժամանակ սպանել տալիս Մուշեղին և ինքն առնում սպարապետությունը։ Այսպես չար հատուցումն է լինում Մուշեղին «ի վերայ բազում վաստակոց»։

5. Մանուելի ճյուղը:— Մանուելն իր եղբոր հետ ազատվում է պարսից գերությունից. Բատից խլում է սպարապետությունը, կռվով հալածում Վարազդատին, սպանում է Բատին՝ իր եղբոր վրեժն առնելով։ Որովհետև իր արարքները հույներին հակառակ էին, ուստի նա սկզբում բարեկամանում է պարսիկների հետ, բայց հետո Մեհրուժանի քսությամբ կոտորում է պարսիկ Սուրենի զորքերին, որով և կռիվ է սկսվում հայերի ու պարսիկների մեջ։ Երեք անգամ հարձակվում են պարսիկները, բայց միշտ հաղթվում են։ Սպանվում է վերջապես դավաճան Մեհրուժանը, և վերջ է դրվում Պարսից պատերազմին։ Մանուելը՝ թագավորեցնելով Պապի որդի Արշակին՝ յոթ տարի փառքով իշխում է և խաղաղությամբ մեռնում։


ՁԱՅՆԱՐԿՈՒՆԵՐ, ԳՈՒՍԱՆՆԵՐ ՈՒ ՎԻՊԱՍԱՆՆԵՐ


1. Լացի ու կոծի երգեր։— Տեսնենք նախ, թե որո՛նք են այն սկզբնական տարրերը, որոնցից օգտվել են վիպասանները մեծ վեպերի համար, ինչպես են՝ «Վիպասանք», «Պարսից պատերազմ»։ Առաջին կարևոր տարրը, որ ծագել է կոնկրետ դեպքերի ազդեցության տակ, դա «լալեաց բանաստեղծութիւնն» է, որ հորինում և ասում էին մեռելների հուղարկավորության կոծն անելիս ողբասաց կանայք։ Սրանք կոչվում էին ձայնարկու, անշուշտ, մեռելների վրա ճչալու համար։ Հնումն նշանավոր մարդկանց, թագավորների ու զորավարների, թաղումը կատարվում էր մեծ բազմությամբ և մեծ հանդեսով։ Այդ ժամանակ առանձնապես սաստիկ էին ողբում մեռելին։ Կանայք ու տղամարդիկ հուղարկավորությանը մասնակցում էին լալով, երգելով ու նվագելով և ծափ տալով, դեմ ու դեմ պարելով ու կաքավելով։ Նրանք երեսներն ու բազուկները ցտում, պատառում էին (Բուզ., Ե. 31), ինչպես մի 20—25 տարի առաջ մեզնում մահմեդականներն անում էին իրենց հայտնի կրոնական տոնի սգի հանդեսը կատարելիս։ Վիպական Արտաշես թագավորի թաղման ժամանակ «շուրջ զգերեզմանաւն լինէին կամաւոր մահունք». «ամբոխութիւնք մեռան ի մահուանն Արտաշիսի, սիրելի կանայք և հարճք և մտերիմ ծառայք» (Խոր., Բ. 4)։ Այդ մահերը, հարկավ, «կամավոր» չեն եղել: Մեծն Ներսեսի օրով, 4-րդ դարում, Աշտիշատի եկեղեցական ժողովով արգելվում է մեռելի կոծը. «Մի՛ …անյուսութեամբ ի վերայ գնացելոցն ոճիրս գործիցեն լալեացն կոծոյն, զանառակութիւնս աշխարին դնելոյ» (Բուզ., Դ. 4)։ Եվ իբր այս կաթողիկոսի օրով «Ոչ ոք իշխէր անյուսութեամբ… լալ զմեռեալն. և ոչ կոծ ոք դնէր կամ աշխարանս մեռելոյն և ոչ ձայնս ոք արկանէր ի վերայ մեռելոյն» (Բուզ., Ե. 31)։ Հետո, սակայն, կոծը միշտ էլ կատարվել է։