Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/210

Այս էջը հաստատված է

հիմնվելով ավանդության ու զրույցների վրա, ներշնչվելով անպայման և հին կոծերից ու վիպական երգերից, փառաբանում էին նաև իրենց հերոսների նախնիքներին, նրանց տոհմի հին մարդկանց: «Պարսից պատերազմ» վեպի մեջ Արշակն ու Մամիկոնյանները պարծենում են իրենց ծագումով: Երգիչները ոչ միայն բանաստեղծորեն մշակում էին նոր եղելությունները, այլև շարունակ վերամշակում և հարակցելով աճեցնում էին նախորդ գուսանների երգերը և հին ավանդություններն ու պատմական զրույցները, և այս ամենը մի սյուժետիկայով, որ որոշվում էր հերոսների կենցաղով և նրանց միտումներով ու շահերով։ Այսպիսի վերամշակումը հարակցությամբ երևում է մեր վիպական երգերից, որոնց կդառնանք հետո [1]: Այսպիսով հորինվել են ավանդական վեպերը,—լինի «Վիպասանք», թե «Պարսից պատերազմը», իրենց բազմաթիվ պատումներով ու բազմազան դրվագներով։

Այսպիսի վեպեր հորինող, ասող ու երգող գուսաններն արդեն կոչվում էին վիպասան: Հին վիպասաններն, ուրեմն, նույն գուսաններն են, միայն վեպ ասող: Կնշանակե՝ գուսանը և՛ ուրախության ու սիրու, և՛ կոծի երգիչ է, և՛ վիպասան է, այսինքն պատմություն անող, որով վիպասանը դառնում է պատմիչ, միայն ոչ գրավոր, այլ բերանացի, ինչ որ սկզբնապես եղել է այդ բառի նշանակությունը։

ՄԻՋԱՎԱՅՐԸ

1. Երեք դասերը:— Պատմական հիշատակարանները շատ սակավ տեղեկություններ են տալիս մեզ հայոց պատմության այն դարաշրջանի ներքին կյանքի մասին, երբ ստեղծվել և ապրել է մեր այս հերոսական վեպը մինչև նրա օգտագործումը պատմության համար։ Բայց վեպն ինքն իբրև բանաստեղծություն, իբրև մի այդպիսի պատմական հիշատակարան, իր մեջ պահում է բազմաթիվ գծեր այդ մասին։ Նրա մեջ բեմ է հանված ֆեոդալական հասարակության գլխավորապես մեկ դասը, ռազմիկ ազնվականությունն իր պարապմունքներով, որ է որսորդություն, խնջույք, քսություններ, խարդավանքներ, պատերազմ, ավարառություն և նմանները։ Ազնվականության հետ սակավադեպ հանդես են գալիս եկեղեցական դասից կաթողիկոսները։ Նրանք հենց սկզբից, իբրև հոգևորականության բարձրագույն ներկայացուցիչներ, կարևոր դեր են խաղացել, ուստի և մեկ-մեկ մտել են վեպի մեջ։ Չպետք է մոռանալ, որ կաթողիկոսներն իրենք ազնվական մեծ տոհմից էին։ Մեծն Ներսեսի մայրը, Բամբիշ անունով, Տիրան թագավորի քույրն է եղել, և Ներսեսն ինքը, կաթողիկոս ընտրվելուց առաջ, «էր ի վարս զինուորութեան ի գործակալութեան, սիրելի սենեկապետ արքային Արշակայ, հաւատարիմ ի վերայ ամենայն կարգաց կենաց թագաւորութեանն

  1. Տե՛ս Մ. Աբեղյան, Վիպական երգեր, ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի «Տեղեկագիր», № 4—5, Երևան, 1940, էջ 45 և հան.։