Իսկ Աղձնիքի բդեշխի համար ասվում է.
Որ էր մի ի չորից, գահերէց,
Բարձերէց տաճարին արքունի։
Պատվի գաղափարն այս ֆեոդալական շրջանում կապված էր տոհմի հնության, նշանավոր ծագման հետ։ Մանուել Մամիկոնյանն ասում է Արշակունի Վարազդատ թագավորին.
Նա՛ մեք չեմք իսկ լեալ ձեր ծառայք.
Այլ ընկերք ձեր և ի վերոյ քան զձեզ.
Զի մեր նախնիքն լեալ էին
Թագաւորք աշխարհին Ճենաց։
Արշակունի հայ թագավորն իրեն բարձր էր դասում, քան Սասանյանները։ Գերի Արշակ թագավորը Հայաստանից բերել տված հող ու ջրի վրա՝ ասում է Շապուհին.
«Ի բաց կաց յինէն, ծառայ չարագործ,
Տիրացեալ տերանցն քոց.
Այլ ոչ թողից քեզ և որդւոց քոց
Զվրէժ նախնեաց իմոց,
Եւ զմահն Արտևանայ արքային։
Զի այժմիկ ձեր, ծառայից,
Զմեր, տերանց ձերոց, զբարձ կալեալ է»։
Ամենամեծ անպատվություն էր ծագումով բարձրին ցած գահի վրա նստեցնելը։ Այդպես վարվում է Շապուհը գերի Արշակի հետ։
3. Ամուսնություն։— Ազնվականի կյանքում կարևոր տեղ էր բռնում նրա ամուսնանալը։ Այս խնդրում ևս պահվում էր «պատիվը»։ Անպատվություն էր համարվում ավելի ցած ազնվականի հետ ամուսնանալը, բայց ազնվականները միաժամանակ պահում էին և հարճեր։ Դրա համար Վիպասանքի ցիկլից մի տիպիկ դրվագ է Տրդատ Բագրատունու ամուսնությունը Տիրան թագավորի Երանյակ դստեր հետ։ Սա ատում է իր մարդուն, որ սրտոտ և ուժեղ տղամարդ էր, բայց կարճ հասակով և գծուծ տեսքով։ «Պչրանօք և պռստելով կայր զօրհանապազ (Երանեակ), աւաղելով զինքն, իբր թէ չքնաղակերպ ընդ վատակերպոյ և քաջատոհմիկ ընդ վատթարազգւոյ բնակէ»։ Տրդատը մի օր բարկանալով նրա վրա՝ սաստիկ