Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/216

Այս էջը սրբագրված է

ծեծում է նրան, դեղձան մազերը կտրում է և սենյակից դուրս ձգել տալիս նրան։ Այս զրույցին միացել է մի ուրիշը։ Տրդատը թագավորից ապստամբելով գնում է ամուր կողմեր։ Հասնում է Սյունիք։ Այստեղ Բակուր իշխանը նրան ընթրիքի է հրավիրում։ «Եւ յուրախանալն գինւով, տեսեալ Տրդատայ զկին մի, զի յոյժ գեղեցիկ էր և երգէր ձեռամբ, որում անուն էր Նազինիկ՝ տրփացաւ և ասէ ցԲակուր. «Տո՛ւր ինձ զվարձակս զայս»։ Եւ նա ասէ. «Ոչ տամ, զի հարճ իմ է»։ Իսկ Տրդատայ բուռն հարեալ ի կինն՝ յինքն քարշեալ ի բազմականն, շամբշեալ վաւաշէր ըստ օրինակի երիտասարդի անարգել տարփաւորի։ Ընդ որ խանդացեալ Բակրոյ՝ յարեաւ հանել զնա ի նմանէ։ Բայց յոտն կացեալ Տրդատայ, ծաղկակալ սկտեղբն իբրև զինու վարեցաւ, նա և զբարձակիցսն ի բազմականացն ի բաց պուղեաց… Եւ այնպէս յիւր վանսն եկեալ, իսկոյն ի ձի ելեալ՝ հանդերձ հարճիւն ի Սպեր գնաց» (Խոր., Բ, 63)։

Վեպի դարաշրջանում եղել է բազմակնություն: Ֆեոդալներն, ինչպես ասվեց, ունեցել են հարճեր։ Բացի այդ՝ վեպի մեջ գտնում ենք հին իշխողների իրենց կանանոցը գեղեցիկ «աղջիկ քաշելու» սովորությունն ևս, որ մինչև մոտ մի դար առաջ բանեցնում էին Երևանի խաները։ Ինչպես երևում է, եղել է այդ մասին մի զրույց, որ տարբեր փոփոխակներով պատմվել է մի Տրդատի վրա։ Խորենացու պատումով դա կցված է Վիպասանքի ցիկլին և պատմվել է Տիրան թագավորի փեսա Տրդատ Բագրատունու վրա, որ կռվով ուրիշից խլում է գեղեցիկ Նազինիկին։ Իսկ «Պարսից պատերազմի» պատումով այդ զրույցը վերագրվել է Տիրան թագավորի պապ Տրդատին (Ագաթ., էջ 78—112)։ Թագավորի համար գեղեցիկ աղջիկ են որոնում նրա մարդիկն ամեն կողմ ման գալով։ Եվ ահա Վաղարշապատի հնձաններում գտնում են աղքատ կանայք և նրանց մեջ սքանչելի գեղեցիկ Հռիփսիմեին։ Նրա գեղեցկության համբավը շուտով հռչակվում է բազմամբոխ հրապարակներում։

Իսկ ի տեսիլ գեղոյ նորա կուտեալ,
Յեղեալ գեղեալ խուռն կաճառացն կուտակէր.
Նաև նախարարք և մեծամեծք աւագնաւոյն
Ընթացեալք ի տեսանել՝ զմիմեամբք ելանէին։
Նաև ազատակոյտն՝ խառնաճաղանճ ամբոխիւն հանդերձ՝
Զմիմեամբք դիզանէին ի միմեանց վերայ։

Թագավորը լսելով կույսի գեղեցկության մասին՝ հրամայում է նրան արքունիք բերել։ Իսկույն սպասավորները ոսկեպատ գահավորակներ, ազնիվ ու գեղեցիկ հանդերձներ և զարդարանքներ են տանում նրան, որ զարդարվի և շքով ու պատվով մտնի քաղաքը և ներկայանա թագավորին։ Շքադիր լինելու համար գնում են նրան բերելու նաև նախարարներն ու ավագանին։ Բայց նա չի ուզում գալ։ Այն ժամանակ թագավորն ասում է.

Փոխանակ զի ոչ կամեցաւ
Գալ պատուով, շքեղութեամբ, կամօք,