Տխրացեալ սգանայր…
Վասն սքանչելոյն Հռիփսիմեայ,
Որոյ ոչ գոյր համեմատ յերկրի ի ծնունդս կանանց։
«Վասն զի սիրտ հարեալ զհետ անհնարին,
Եւ անմոռաց ի մտացս չանկանի,
Մինչ կենդանի եմ ես Տրդատ արքայ»…
Եւ իջեալ նստէր ի վերայ գետնոյ,
Եւ լայր և ի սուգ մտանէր:
Այս վիպական պատմվածքին տրված է չափազանց կրոնական բնավորություն և առաջ է բերված մի քրիստոնեական վկայաբանություն։ Հռիփսիմեն իբրև իր կուսությունը պահելու համար՝ չի ուզում ամուսնանալ ոչ Հռոմի կայսրի և ոչ Հայոց թագավորի հետ, և դրա համար նահատակվում են նաև իր ընկերները։ Վաղարշապատում նստած հռոմեական կայազորի հետ, անշուշտ, եղել են հռոմայեցի կանայք, որոնց մեջ կարող էին և քրիստոնյաներ լինել։ Այդ կանանցից մեկը կամ մյուսը կարող էր 3-րդ դարում նահատակված լինել քրիստոնեության համար։ Այդ պետք է ընդունել, քանի որ 5-րդ դարի սկզբներից արդեն Վաղարշապատում հայտնի են եղել նրանց վկայարանները։ Այդ քրիստոնեական ավանդությունը հարակցվել է Տրդատի համար ասվող զրույցին և զարդարված է վկայաբանական ձևերով։ Բայց երբ կրոնական միտումները դուրս են ձգվում, մնում է միայն մի վիպական բանահյուսություն՝ ամուսնության կամ «աղջիկ քաշելու» մասին։
Վեպի մեջ առհասարակ սիրված վիպական սյուժետներից մեկն է ամուսնությունը, ուստի դա մի քանի ուրիշ փոփոխակներով ևս պատմված է և «Պարսից պատերազմի» մեջ։ Այսպես մի առանձին պատում է եղել Գնելի սպանվելը իր կին Փառանձեմի պատճառով, և ապա Արշակի ամուսնանալն այդ կնոջ հետ։ Այս Փառանձեմի վեպի մեջ իսկական վիպական մանրամասնությամբ երևան են գալիս ներքին պալատական քսություններն ու խարդավանքները կանանց և ազգականների մեջ. հիշվում են և, այսպես ասած, քաղաքական ամուսնություններ, որոնք կատարվում են որևէ քաղաքական հաշվով։ Շապուհն ուզում է իր դուստրը տալ Արշակին կնության, և այդ առիթ է դառնում պալատական ինտրիգներին. Փառանձեմի հայր Անդովկն, Փառանձեմի պատճառով, այնպես է անում, որ Արշակն իր բանակով փախչում է Շապուհի մոտից։ Իսկապես քաղաքական ամուսնություն է եղել Արշակի առնելն Ոլիմպիային. բայց վեպի մեջ դրան տրված է ներքին կանանոցային բնույթ Փառանձեմի խարդավանքով։ Կանանց մատը խառն է և ուրիշ դեպքերում։ Վասակի եղբայր Վարդանի սպանման պատճառն է նաև միևնույն Փառանձեմը, որ Գնելի մահվան վրեժն է առնում նրանից։
4. Որսորդություն և ձի։— Մեծ տեղ է բռնել ազնվականի կենցաղի մեջ որսորդությունը, որի մասին և հաճախ պատմվում է վեպի մեջ հենց