Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/28

Այս էջը հաստատված է

երբ հայերը դրսից եկել են ուրարտացոց երկիրը: Թե ի՛նչ մարտերով և ի՛նչ զորավարների առաջնորդությամբ են մտել հայերն Ուրարտու երկիրը և ի՛նչպես տիրել նրան, մենք այդ չգիտենք: Բայց այդ շրջանում անպայման կատարվել են սխրագործություններ, որոնք նյութ են դարձել երգերի ու զրույցների, որոնց մեջ գովվել են տոհմապետ զորավարները: Հայկի առասպելի մեջ պահված է դրա հիշողությունը: Եվ այս զարմանալի չէ: Ավանդական բանահյուսությունը երբ մի անգամ հաստատուն բյուրեղացած կերպարանք է ստանում, երկար դարեր այլևս չի մեռնում, մանավանդ, երբ կապվում է մի տեղի անվան հետ, ինչպես եղել է Հայկի ու Բելի առասպելի վերաբերմամբ: Առասպելի մեջ հիշված տեղանունները՝ Հարք, Հայկաշեն, Հայոց Ձոր և ուրիշները գտնվում են Վանա լճի շուրջը, ուր և սկզբում տեղավորվել է հայությունը: Հայկը նահապետական հասարակության մի հայր է, որի տոհմի մեջ հաշվում են մոտ երեք հարյուր տղամարդ: Նա չուզելով ենթարկվել Բելին, գալիս է «Արարադայ» երկիրը, ոչ թե «Այրարատ», այլ «Արարադ» գավառը Կորդուաց աշխարհի մեջ (Վանա ծովից դեպի հարավ-արևելք):

«Չու արարեալ գնայ յերկիրն Արարադայ… հանդերձ որդւովք իւրովք և դստերօք և որդւոց որդւովք, արամբք զօրաւորօք, թուով իբրև երեքհարիւր, և այլովք ընդոծնօք և եկօք յարեցելովք ի նա և բոլոր աղխիւ: Երթեալ բնակէ ի լեռնոտին միում ի դաշտավայրի, յորում սակաւք ի մարդկանէ յառաջագոյն ցրուելոցն դադարեալ բնակէին. զորս հնազանդ իւր արարեալ Հայկ՝ շինէ անդ տուն բնակութեան կալուածոց և տայ ի ժառանգութիւն Կադմեայ որդւոյ Արամանեկայ»: «Եւ ինքն խաղայ… այլով աղխիւն ընդ արևմուտս հիւսիսոյ, գայ բնակէ ի բարձրաւանդակ դաշտի միում, և անուանէ զանուն լեռնադաշտին Հարք, այս ինքն թէ հարք են աստէն բնակեալք՝ ազգի տանն Թորգոմայ: Շինէ և գիւղ մի, և անուանէ յիւր անուն Հայկաշէն»: Նա բնակիչներ գտնում է նաև Տարոնում, Սիմ լեռան մոտերը. «Ի հարաւոյ կողմանէ դաշտիս այսորիկ, առ երկայնանստիւ միով լերամբ, բնակեալ յառաջագոյն արք սակաւք, ինքնակամ հնազանդեալ դիւցազինն» (Խոր. Ա. 10): Նրանք, այդ հին նախահայ բնակիչները, որոնք հիշողություն են ուրարտացիների, Հայկի ցեղից չեն, այլ տարբեր ցեղից: Նրանք, ըստ Խորենացու մշակած առասպելի, սեմական են, մինչդեռ Հայկն իր մարդկանցով հաբեթյան ցեղից է: Հայկի սերունդը նրա Արմենակ որդու առաջնորդությամբ Հարքի կողմից տարածվում է դեպի հյուսիս-արևելք և բնակվում Այրարատում: Այստեղ նույնպես գտնվում են հին բնակիչներ: «Ի յոլով տեղիս գտանէին բնակեալք ի մարդկանէ յերկրիս մերում ցան և ցիր սակաւք յառաջ քան զգալուստ բնկին մերոյ նախնւոյն Հայկայ» (Խոր. Ա. 12): Ապա հետագայում հայերն անցնում են Շիրակ և վերջապես Գեղարքունիք ու Սյունիք: Կնշանակե՝ Հայկի և իր սերնդի մասին եղած զրույցների մեջ շատ պարզ կերպով պահված է հայ ցեղի Հայաստան մտնելու և հետզհետե այնտեղ տեղավորվելու հիշողությունը: Միայն ըստ արդի ընդհանրապես ընդունված պատմական տվյալների՝