Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/283

Այս էջը սրբագրված է

նշանավոր թագավորին, որ նվաճելով «և զյոյնս ընդ իւրով ձեռամբ՝ անուանեցաւ Աղեքսանդրի և Յունաց թագաւոր… որ և վասն առաւել յունասէր բարս ունելոյ՝ ի յոյն լեզու զաշխատութիւն իւր ժողովեաց»: Նա «պէտ արարեալ զամենայն ազգաց զմատեանս և զվէպս ի յոյն լեզու փոխարկեաց»: Այսպես և շատ հույն գիտնականներ ոչ միայն իրենցն են գրել, այլև ուրիշ շատ ազգերի պատմություններն ու արվեստները ժողովել, թարգմանել են հունարեն։ «Վասն որոյ և զբոլոր իսկ զՅոյնս ոչ դանդաղիմ մայր կամ դայեակ ասել իմաստից» (Ա. 2)։ Ահա Խորենացու «հունասիրությունը»։ Նա խանդավառ երկրպագու է հունական դպրության և գիտության։

Ի՞նչ կա այն կողմում հայերի մեջ։ Մեր նախնիքն, — ասում է նա (Ա. 3),– անիմաստասեր բարք են ունեցել. մեր թագավորներն և ուրիշ առաջիններն ունեցել են «առ ի յիմաստն տխմարութիւն, և անկատարութիւն ոգւոյն բանականի»։ Նրանք բան չեն գրել տվել թե՛ իրենց և թե՛ ուրիշների հիշատակի համար: «Զի թէպէտ և եմք ածու փոքր, և թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ, և զօրաթեամբ տկար, և ընդ այլով յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ՝ սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ և ի մերում աշխարհիս, և արժանի գրոյ յիշատակի, զոր և ոչ մի ոք ի նոցանէ պէտ յանձին կալաւ մատենագրել»։ Նրանց արդարացնելու ոչ մի պարագա չկա։ «Այլ ինձ թուի, որպէս այժմ՝ և առ հինսն Հայաստանեայցս լեալ անսիրելութիւն իմաստութեան և երգարանաց բանաւորաց։ Վասն որոյ աւելորդ է մեզ և այլ յաղագս արանց անբանից, թուլամտաց, վայրենեաց ճառել», — այլ ինձ թվում է, որ ինչպես այժմ, հին հայերն էլ չեն սիրել գիտություն և իմաստալից երգարաններ [= երգերի գրքեր]։ Դրա համար և ավելորդ է այլևս, որ խոսենք անբան, թուլամիտ, վայրենի տղամարդկանց մասին։

Ահա թե ինչպես է հենց սկզբից Պատմագիրը բնորոշում և՛ Հայաստանի վիճակը, և՛ հին հայ իշխաններին։ Եվ այդ բնութագիրը թեպետ շատ խիստ, բայց ճիշտ է եղել։ Եվ բնականորեն նա նույն խնդրի առթիվ կրկին դառնում է Սահակ Բագրատունուն, գրելով. «Բայց ընդ քո յոյժ զարմացեալ եմ ընդ մտացդ ծննդականութիւն, որ ի սկզբանցն մերոց ազգաց մինչև ցայժմուսս միայն գտար զայսպիսւոյ մեծէ իրէ բուռն հարկանել, և մեզ խոյզ խնդրոյ առաջի արկանել—երկար և շահաւոր գործով զազգիս մերոյ կարգել զպատմութիւնն ճշդիւ՝ զթագաւորացն և զնախարարականաց ազգաց և տոհմից, թէ ով յումմէ և զինչ իւրաքանչիւր ոք ի նոցանէ գործեաց… ի ժամանակէ անկարգ ամբարտակին շինուածոյ մինչև ցայժմ. — գեղեցի՛կ զայս քեզ համարեալ ի փառս և անջան հեշտութիւն»։

Վերջին խոսքով ուզում է ասել, թե նեղությունն ինքը կքաշի, իսկ մեկենասն առանց նեղության փառք ու անուն կվաստակի։ Եվ անմիջապես դարձյալ դիմելով Սահակ Բագրատունուն՝ ավելացնում է, թե ինչով գրի. մի՞թե մատյան ունի ձեռքի տակ, կամ «քո հայրենական