պատմություն, որ նա այլևս առասպել կոչել չէր կարող։ Այդ մի պատմություն էր, որ ոչ թե առասպելի պես «զճշմարտութիւն իրացն այլաբանաբար յինքեան ունէր թագուցեալ», այլ ամբողջն արդեն «ճշմարտուած», «ոճով» պատմված, առասպելական մասը դուրս ձգված և «ճշմարտություն» դարձրած։ Ուրիշ խոսքով, դա «երգարան բանաւոր» էր, մի ճարտասանական բնավորություն ունեցող պատմական գրավոր բանահյուսություն: Եվ այդ է պատճառը, որ երբ մեր Պատմագիրը, որ ոչ փծուն աղբյուրների մեծ պակասություն ուներ, երբ իր ձեռքի տակ ունենում է Տիգրանի պատմության համար՝ ճաշակով գրված մի պատմական աղբյուր, այն ժամանակ բառ չի գտնում դրա հայտնի հեղինակին գովելու համար. Խորենացին ինքն էլ անշուշտ վերամշակել է նույնը, իր կողմից էլ օգտվելով երգերից և հորինել է մի գեղեցիկ վեպ[1]:
Վերջում պետք է ասել և այս։ Հիշատակված կա Դավթի վերագրված մի հին վիպասանություն՝ «Պատերազմն Հայոց և Մարաց»[2]: Հավաստյավ Մեծն Տիգրանի վրա է եղած այդ վիպասանությունը, որի տողերից են.
«Եւ արդ ներգործող ի միտս երևիւր առ խորհուրդս փողարին
Մեծոգւոյ Տիգրանայ գեղանին Տիգրանուհի,
Իւր ներգործեալ զկողաբաղն, նաև ողջամիտ աշխարհածուհի»։
9. Խորենացու հայացքը հայոց պատմության շրջանների վրա[3]։— Մեր նախնական պատմության մասին շատ տեղեկություններ չունենք։ Մարաց տիրապետության ժամանակաշրջանում հավանորեն հայերն առանձին թագավորներ պիտի ունեցած լինին։ Կյուրոսի ժամանակակից մի Տիգրան թագավորի մասին հիշում է Քսենեփոնը, և կարելի է կարծել, որ պատմական անձ լինի նա։ Պարսից Դարեհ թագավորն, ըստ սեպագրության, մեծ կռիվներ է մղում հայերի դեմ, և այնուհետև մեր ժողովուրդը ենթարկվում է Պարսից, ապա Մակեդոնացոց և Սելևկիացոց իշխանություններին։ Վերջիններիս, սելևկիացիների, ժամանակ, ինչպես հաղորդում են, երկիրը կառավարել են երբեմն բնիկ իշխաններ։ Նրանք ձգտել են անկախության, մինչև որ 189 թ. մ. թ. ա., ինչպես տեսել ենք, Արտաշես Ա. և Զարեհ, թերևս հին հայ թագավորների ցեղից, հիմնում են երկու անկախ տերություն։ Արտաշեսի բնիկ ցեղը զորանում է և տիրում է երկրին մինչև մեր թվականության սկիզբները։ Այդ միջոցից սկսած՝ միառժամանակ իշխում են զանազան ազգերից խառն թագավորներ, և երկիրը մեկի ձեռից մյուսին է անցնում, մինչև վերջապես 66 թ. մ. թ. Պարթևների Վաղարշ Ա. թագավորի եղբայր Տրդատ Ա. բարձրանում է հայոց