գահը, և պարթևական Արշակունի ցեղը հաստատվում է Հայաստանում և, այսպես կամ այնպես, հարատևում մինչև 428 թ. մ. թ.:
Այս է Հայաստանում իշխող տոհմերի ընդհանուր համառոտ տեսությունն ըստ օտար աղբյուրների.
1. Հին բնիկ հայ իշխանություն կամ թագավորություն.
2. Օտարների, Պարսից և Սելևկիացոց տիրապետություն, բայց կան հայ իշխաններ իբրև կուսակալներ, գոնե Սելևկիացիների ժամանակ.
3. Դարձյալ բնիկների հայ թագավորության Արտաշես Ա.–ից սկսած.
4. Սրանց անկումից հետո՝ իշխողների ստեպ փոփոխություն.
5. Օտար Արշակունի ցեղի թագավորություն:
Մ. Խորենացին Հայաստանի տիրապետողների մասին գիտե նույնպես հինգ շրջան.
1. Հին բնիկ իշխանություն Հայկի սերնդից.
2. Օտարների (Ասորեստանցոց) տիրապետություն, որի ժամանակ սակայն շարունակվում է հին ցեղն իբրև կուսակալություն.
3. Բնիկների այդ ցեղը թագավորություն է հաստատում.
4. Սրա անկումից հետո՝ «շփոթ իմն ամբոխից լեալ՝ այր զարամբ ելանէին տիրել աշխարհիս».
5. Օտար Արշակունի ցեղի թագավորություն:
Համեմատությունից պարզ երևում է, որ Խորենացու դրած իշխանական տոհմերի կարգը նույնն է, ինչ որ օտար աղբյուրներից գիտենք։ Նրա Պատմության մեջ պահված է Հայաստանի հին քաղաքական պատմության, իշխող տոհմերի հիշողություն, բայց մի խոշոր ժամանակագրական սխալով։ Այն միջոցին, երբ, ըստ օտար աղբյուրների, Հայաստանում թագավորում էր Արտաշեսից սերված բնիկ հարստությունը, Խորենացին դրել է Արշակունի հարստության սկիզբը (2-րդ դարում մ. թ. ա.): Բնականաբար ըստ այնմ և մյուս իշխանական տոհմերի հիշողություններն էլ իրենց կողմից մեկը մյուսից ավելի առաջ են ընկել։ Այս սխալ ժամանակաբանությունը ծագել է նրանից, որ Մ. Խորենացին հայ ազգի ծագումը, ըստ ժամանակի հասկացության, կապել է Աստվածաշնչի մեջ պատմված Բաբելոնի աշտարակաշինության հետ, երբ, ըստ Ս. Գրքի, եղել է լեզուների խառնակումն և ազգերի ու լեզուների ծագումը։ Նա հայ ազգի նախնի Հայկին դրել է այն ժամանակ, և նրա հակառակորդ Բելին, մեկնությամբ, նույնացրել Ս. Գրքի Նեբրովթի հետ, որ Նոյի Քամ որդու թոռն է, Քուշի որդին. «Եւ եղև սկիզբն թագաւորութեան նորա Բաբելովն» (Ծնունդք, Ժ., ԺԱ.): Խորենացին այդպես է վարվել իր մեկնության մեջ նաև պարսից ազգի սկզբնավորության և Բյուրասպի մասին խոսելիս. «Ասացեալն ի նոցանէ Բիւրասպի Աժդահակ՝ առ Նեբրովթաւ նախնի նոցա։ Քանզի ի բաժանել լեզուանց ընդ ամենայն երկիր… գլխաւորք և ցեղապետք որոշեալք զիւրաքանչիւր սահմանս ժառանգեցին… Սա [Բիւրասպ]…