ասելով ոչ լռեցից: Ոչ ի կարծ ընդոստուցեալ, և ոչ ի լուր զարթուցեալ. այլ ե՛ս ինքնին անձամբ անդէն ի տեղւոջն պատահեցի և տեսի և լուայ զձայն բարբառոյ յանդգնաբար խոսելով. իբրև զհողմ սաստիկ՝ զի բախիցէ զծով մեծ, ա՛յնպէս շարժէր և տատանէր զամենայն բազմութիւն զօրացն իւրոց» (էջ 24 և հտն.): Այս հատվածի մեջ Եղիշեն պարզապես ասում է, որ ինքն անձամբ տեսել ու լսել է Հազկերտ թագավորին, երբ նա հրաման է տալիս եղել իր զորքին։ Այդ եղել է Ապար աշխարհում Քուշանների դեմ կռվի միջոցին, ուրեմն և Քուշանաց սահմանների վրա, ուր տանում էին նաև հայկական գունդը «սկսեալ ի չորրորդ ամէ տէրութեանն իւրոյ [=Յազկերտ Բ–ի] մինչև յամն մետասաներորդ թագաւորութեանն» (էջ 19, այլև 27)։ Իսկ այդ լինում էր 442—449 թթ.։ Եղիշեն, ուրեմն, այդ թվականներին եղել է հայկական գնդի հետ Ապար աշխարհում։ Բայց չպիտի կարծել, թե հենց սկզբից մինչև վերջը, որովհետև երկու տարուց հետո Հազկերտն,— ասում է մեր Պատմագիրը,— «արձակեաց զմարզիկսն յիւրաքանչիւր տեղիս, և զայլսն ի նոցա տեղիս փոխանակ առ իւր կոչեաց նովին պատրաստութեամբ։ Եւ այսպէս ամ յամէ սովորութիւն կարգեաց» (19)։ Եղիշեն եղել է այն խմբերից մեկի մեջ և Հազկերտի 12-րդ տարուց առաջ վերադարձել Հայաստան։
Հիմա հարց է, թե իբրև ի՞նչ է գտնվել մեր Պատմագիրը հայ գնդի մեջ Ապար աշխարհում։ Պատասխանը պարզ է։ Նա Ապար աշխարհ գնացել է հայ գնդի մեջ կամ իբրև զինվորական, կամ իբրև հոգևորական, որովհետև գնացող գնդի համար նա գրում է, թե «բարձին ևս ընդ իւրեանս սուրբ կտակարանս բազում պաշտօնէիւք և բազմագոյն քահանայիւք»: Արդ, քանի որ ըստ ավանդության նա զինվոր է եղել և նրա կրոնավորությունը պատերազմից հետո է եղել, ամենայն հավանականությամբ նա Ապար աշխարհում ծառայել է մի երկու տարի իբրև զինվոր 442—448/449 թվականների մեջ։ Ենթադրելով, որ նա զինվորական ծառայությունը («սպաս զինուորութեան») կատարել է 20—25 տարեկան երիտասարդ հասակից, նա ծնված պիտի լինի, ուրեմն, մոտ 420 թվականին[1]։
Եղիշեն, Ավարայրի ճակատամարտից առաջ, եղել է Հայաստանում. զի այդ ճակատամարտի մասին պատմելուց քիչ առաջ գրում է. «Որպէս յայսմ ժամանակի տեսաք աչօք մերովք, զի զնոյն նահատակութիւն նահատակեցաւ և աշխարհս Հայոց» (142)։ Եվ վերջապես՝ պատերազմի մեջ ընկած և կապված նախարարների կանանց մասին գրելիս՝ ասում է. նրանց «ընդ ամենայն աշխարհն Հայոց համօրէն համարել ես ոչ կարեմ. զի բազում այն են զոր ոչ գիտեմ, քան թէ գիտիցեմ։ Զի հինգ
- ↑ Շահապիվանի առաջին ժողովի (շուրջ 446/447 թ.) մասնակիցների մեջ հիշվում է «Եղիշէ դրան երէց»։ Առանց որևէ հիման կարծում են, թե նա Մամիկոնյան դռան, հատկապես՝ Վարդանի դռան երեցն է եղել և ինքը պատմագիր Եղիշեն։ Դարձյալ՝ Արտաշատի ժողովի (450 թ.) մասնակիցների թվի մեջ հիշվում է «Եղիշա եպիսկոպոս Ամատունեաց»: Սրան էլ նույնացրել են Պատմագրի հետ: