Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/333

Այս էջը հաստատված է

հոգով և մարմնով), մի ճառ, որ արժանի էր ոչ միայն քաջամարտիկ զորավարին, այլև Սահակի թոռան ու կրոնական ուսումն ստացած աշակերտին: Քաջությամբ մարտնչելու մի խրախույս է և Ղևոնդ Երեցի ճառը. «Մեծ սպարապետն Հայոց» կազմակերպում է իր գնդերը և անձամբ մարտնչում. «Իսկ կորովին Վարդան իւրովք քաջ նիզակակցօքն ոչ սակաւ նախճիրս ի տեղւոջն գործեաց, յորում տեղւոջ և ինքն իսկ արժանի եղև առնուլ զկատարեալ նահատակութեանն պսակ» (էջ 171 և հտն.), «նահատակութիւն» հին իմաստով իբրև կարճություն, քաջամարտկություն։

Այս իդեալն է ահա քարոզում Եղիշեն Վարդան սպարապետի և նրա ընկերների օրինակով։ Գաղափարի համար նա նույն անհողդողդ անդրդվելիությունն է օրինակ դնում նաև ամբողջ ութերորդ «յեղանակով», ուր նկարագրվում է Ղևոնդյան քահանաների նահատակությունը, Խորենի և Աբրահամի վկայաբանությունը, բանտարկված նախարարների և սրանց ու պատերազմի մեջ ընկածների կանանց տոկուն համբերությունը: Այսպիսի օրինակներ էին հարկավոր, որովհետև թեպետև պատերազմը վերջացել էր, բայց չէր դադարել իդեոլոգիական խաղաղ պայքարը պարսից կառավարության դեմ։ «Եւ եղծեալ ապականեցաւ հրաման թագաւորին… Աղաղակէին և ասէին գոհանալով արք և կանայք և ամենայն ռամիկ բազմութիւնն՝ Պատրաստ եմք ի հալածանս և ի մահ» (էջ 96)։ «Ոչ երևէր այնուհետև առաւել տէրն քան զծառայ, և ոչ ազատ փափկացեալ քան զգեղջուկ վշտացեալ, և ոչ ոք քան զոք նուազեալ յարութենէ։ Մի սիրտ յօժարութեան ամենեցուն արանց և կանանց, ծերոց և տղայոց»։ Այսպես ուրեմն, ազգովին դիմագրավումն արտաքուստ սպառնացող վտանգներին։

6. Հորինվածքը:- Եղիշեն ունի գեղեցկի զգացումը և աշխատում է, որ իր երկը կրի գեղեցկի դրոշմը։ Նրա գրվածքի մեջ սկզբից մինչև վերջն իշխող է գեղարվեստը։ Գործողությունն առաջ է տարվում մասերի ներդաշնակ բաժանումով, երկրորդական, բայց կենդանի, բնական մանրամասնություններով, զարդարուն ու ծաղկուն ոճով, նկարեն պատկերներով ու հանդիսավորությամբ։ Շարադրում է մերթ արագ թափով, կորովի, եռանդուն և աշխույժ. մերթ դանդաղ ու քաղցրաբան։ Թեպետև երբեմն փոքր ինչ ճապաղ է, բայց նրա երկն իր ամբողջությամբ վայելուչ է ու գրավիչ, հաճախ նույնիսկ հափշտակիչ։ Դրա պատճառն այն է, որ այնտեղ ամեն ինչ բխում է անկեղծ ու խորին զգացումից, չկա շինծու արվեստակություն։ Բնականորեն առաջացած են և բանաստեղծական պատկերներն իրենց բազմազան երանգներով, և հարուստ ճարտասանական ձևերն ուժեղ ու դիպուկ խոսքերով։ Մի բան, որ սկզբից զգալի է նրա գրվածքի մեջ, այն է, որ նա փայլուն ոճի հետ ունի աչքի ընկնող մշակված պարզ ու հստակ խոսք. կատարելապես իշխում է լեզվին և հորինում է մեծ ճաշակով, միշտ հարմարվելով ներքին բովանդակությանը։ Այդպիսով մեր այս հեղինակը ստեղծել է իր երկի շատ հատվածներով մի այնպիսի բանաստեղծական պրոզա, որ շատ ընտիր է, երբեմն շքեղ, լի