պես և Արշավիր Կամսարականը, որ Վարդանի փեսան էր, համեմատաբար ավելի մեծ տեղ ունին: Վերևում Եղիշեի «Հայոց պատերազմ» երկի ուսումնասիրության մեջ բերված է գրեթե ամենը, ինչ որ այնտեղ ասված է Վարդանի և Հմայակի համար: Համեմատությունից պարզ երևում է, թե ինչու Ղազարը երկրորդել է իր նախորդի - Եղիշեի պատմությունը: Պետք էր Վարդանի և Մամիկոնյան տոհմ գովեստ գրել:
Երկրորդ դրուագի վերջում Ղազարը շատ մանրամասն և շատ սրտառուչ պատմել է Ղևոնդյան քահանաների նահատակությունը: Դա արդեն մի վկայաբանություն է, վկայաբանությունների շատ հատկություններով: Եղիշեն էլ նույնը պատմել է, ինչպես ինքն անձամբ լսել է Խուժիկից: Ղազարի համար իբրև սկզբնական աղբյուր ծառայել է մի Խուժիկ, բայց ինքն այդ եղելության մասին լսել է Արշավիր Կամսարականից: Եվ որովհետև նա ավելի կարևորություն տվել է իր բարեկամ Արշավրի պատմածին, որ բավական տարբերվում է Եղիշեի գրածից, ուստի և այդ էլ նա երկրորդել է, հարկավ, իր կողմից ևս ավելի ծաղկեցնելով այն:
9. Երկրորդ դրուագի պատմական արժեքը:- Անշուշտ, Ղազարի «Հայոց Պատմության» այդ դրուագի մեջ շատ արժեքավոր լրացումներ կան Եղիշեի Պատմության վերաբերյալ, բայց սխալ է կարծել, թե երբ Ղազարի տեղեկությունները տարբերվում են Եղիշեի հաղորդածից, գերադասություն պետք է տալ Ղազարին կամ երբ Ղազարը պատմում է մի բան, իսկ Եղիշեն չունի այդ, սա դիտմամբ լռել է այդ մասին: Պատմագիրներն ոչ ամեն դեպքեր կարող են իմանալ և կամ գրելիս հիշել ամեն բան: Այդ կախված է հաճախ պատմագրի ապրած կյանքից. օրինակ՝ Ղազարը մեծացել է Աշուշա բդեշխի տանը և ապրել է Սյունիքում, ուստի նա գրելիս հեշտությամբ մտաբերել է լսած դեպքեր Աշուշայի և Սյունիքի իշխանների ու Վասակի որդիների մասին և առել իր Պատմության մեջ դրանք, ինչ որ չունի Եղիշեն: Չպիտի մոռանալ, որ Ղազարն իր պատանեկան կամ վաղ երիտասարդական հասակում միայն կարող էր հանդիպել սակավաթիվ մարդկանց Երկրորդ դրուագի մեջ պատմված եղելությունների գործող անձերից: Նա իր այդ Պատմությունը գրել է լսելով՝ մեծ մասամբ երկրորդ կարգի անձերից և այն ժամանակ, երբ ժողովրդական և տոհմային ավանդությունն արդեն գործել է հիշողությունների վրա և դեպքերի մասին պատմվածքներն արդեն ժողովրդական զրույցի կերպարանք են ստացած եղել,- ինչ որ երբեմն երևում է նրա Պատմությունից: Ուստի ինչքան էլ նա ցանկանար «ստուգապատում», «ստուգագրութիւն» անել, «չյաւելուլ զանեզեալսն», «չնուազեցուցանել զեղելասն», երբեմն ակամա հակառակը պիտի աներ՝ հետևելով իր բերանացի աղբյուրներին. այլև այն պատճառով, որ նա պիտի Մամիկոնյանների տոհմասիրությանը բավարարություն տար: Որ Ղազարը, օրինակ, մեջ է բերում Վարդանի ի հունական կողմերն անցնելու պատմու