Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/38

Այս էջը հաստատված է

վերջը փոխված է, բայց Արան կենդանանում, հարություն է առնում ըստ ժողովրդական հավատքի[1]։

Ըստ Մ. Խորենացու՝ Արայի և Շամիրամի զրույցը կապված է Այրարատյան դաշտի հետ։ Մինչև վերջերս Ծաղկեվանքի սարը (Ղառնը յարըղ) կոչվում էր Արայի լեռ, իսկ Կոտան սարը (Քյոթան դաղ), որ Կոտայ-ք անվան մի երկրորդ ձևն է, ասվում էր Շամիրամա լեռ։ Ըստ Թոմա Արծրունու՝ Արան կենդանանում է Վան քաղաքին մոտ «Լեզուոյ» գյուղում։ Այս գյուղը 20-րդ դարի սկիզբներում դեռ կար՝ Լեզք անունով, և այդտեղի բարձր գագաթի հետ, ըստ Սարգսյանի և Սրվանձտյանցի, դեռ կապված էր Արայի կենդանանալու զրույցը։ Արա Գեղեցկի և Շամիրամի զրույցի մեջ պահված է Աստղիկ—Դերկետոյի և իր տարփածուի առասպելը[2]։

ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ

1. Առասպելները։— «Քաջն Վահագն» եղել է հին հայերի սիրելի աստվածներից մեկը, հավասար Արմազդին և Անահտին, որոնց հետ և մի երրորդություն է կազմել նա։ Նրանից էին հայ թագավորները քաջություն խնդրում։ Շատ հռչակավոր և մեծ ուխտատեղ է եղել Վահագնի Վահեվանյան կոչված մեհյանը Տարոնի Աշտիշատում, ուր նրա հետ պաշտվում էին և Անահիտ ու Աստղիկ դիցուհիները։ Այսպիսի մի ժողովրդական աստուծու մասին երգերը, առասպելներն ու զրույցները բնականաբար շատ են եղել և երկար ապրել են նույնիսկ քրիստոնեության ժամանակ։ Վահագնի մասին մի երգված առասպել է հետևյալը.

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ․
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
(Ապա թէ) բոց ունէր մօրուս.
Եւ աչկունքն էին արեգակունք։

Մ․ Խորենացին այս կտորը բերելուց հետո՝ ավելացնում է. «Զայս երգելով ոմանց փանդռամբ, լուաք մերովք իսկ ականջօք։ Յետ որոյ և ընդ վիշապաց ասէին յերգին կռուել նմա և յաղթել, և կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութիւնսն նմա երգէին» (Ա. 31)։

  1. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 525 և հտն․ «Առլեզք և Արայի հարությունը», էջ 558 և հտն․ «Լեզքի և Արտամետի զրույցները»։
  2. Տե՛ս Մ. Աբեղյան, «Վիշապներ»․․․, էջ 71 և հտն.։