Ինչպես ասվեց, Ինդրայի մականունն է Վերեթրագնա, որ պարսկական Վերեթրագնա աստուծուց անցել է հայերին, և հնչափոխությամբ դարձել հատուկ անուն՝ Վահագն։ Հնումն, հարկավ, դեռ կենդանի է եղել այդ մականվան նշանակությունը, բայց հայերեն թարգմանել են ոչ թե Վիշապասպան, այլ «Վիշապաքաղ», որ նշանակում է՝ վիշապ հանող, վիշապ վեր քաղող, վիշապ վեր քաշող։ Այդ մակդիրը ցույց է տալիս, որ Վիշապաքաղ Վահագն աստուծու կռիվը վիշապների դեմ՝ մտածվել է իբրև «վիշապ հանել»։ Վիշապ հանողը, վիշապ վեր քաղողը, վիշապ օդը քարշողը եղել է, ուրեմն, Վահագն աստվածը։ Պարսից Վերեթրագնան իբրև ամպրոպային աստված ներկայանում է բազմազան կերպարանքներով— իբրև գեղեցիկ, փայլուն պատանյակ, իբրև ցուլ և այլն։ Նույնպես Տիշտրիան, իրանական ամպրոպային աստվածը, երևում է գեղեցիկ պատանյակի, արջառի— «սպիտակ ոսկեղջյուր եզան»[1] և ձիու կերպարանքով։ Ինդրան ևս հաճախ երևում է իբրև ցուլ։ Ցուլի կռիվը վիշապի հետ կա և գերմանական առասպելաբանության մեջ։ Նույնը եղել է և հայկական առասպելներով։ Եզնիկը, ինչպես տեսանք, գրում է․ «Եթե այնպիսի վիշապը վեր բարձրացվի՝ այդ կլինի ոչ թե կարծեցյալ եզներով»․․․ Կնշանակի՝ վիշապ վերացնողը, «Վիշապաքաղը» մտածվել է մեզանում ևս իբրև եզ, ցուլ։
Ինչի՞ համար է այդ ամպրոպային կռիվը, կամ «վիշապ հանելը»։— Վիշապը, պտուտահողմի կամ ամպրոպի չար անձնավորումը, իր ընկեր չար ոգիների հետ, իբրև հողմ «թանձրացեալ ամպով» բարձրանում է, արեգակի լույսի երեսը կտրում, կամ փոթորկի մեջ հարձակվում է արեգակի վրա, որ իբրև գեղեցիկ աղջիկ է անձնավորվում, ամպրոպային ամենազոր աստուծու քույրը կամ կինը․ ուզում է կուլ տալ կամ առևանգել նրան, և հափշտակում է նրան։ Կամ, ուրիշ առասպելներով, այդ չար ոգին երկնային անձրևաբեր ամպերի ջրերի կամ երկնային ծովի առաջը կտրում է, նստում է երկնային ջրերի վրա և փակած պահում ջրերը, վայր հոսելն արգելում է՝ նրանց առաջ ցամաք ամպերի լեռներ ու բուրգեր կանգնեցնելով։ Բայց այդ միջոցին ահա ծնվում է փոթորկի կամ ամպրոպի աստվածը, որ միևնույն օդերևույթի բարի անձնավորումն է, մի գեղեցիկ պատանյակ հրեղեն մազերով, ինչպես հնդիկների մեջ Ինդրան, երբեմն և Ագնին։ Նա կայծակներով ու որոտմունքով, Մարուտների (հողմերի անձնավորում աստվածներ) հետ միասին վրա է վազում, կռվում է վիշապի և նրա չար ոգիների դեմ, արձակում է իր հրեղեն նետերը, խորտակում նրա բուրգերը կամ լեռները, սպանում է վիշապին, կամ փախցնում, կամ բռնում շղթայում, կամ վեր հանում բարձրացնում է նրան ու ցած գլորում, փշրում և այլն, և ազատում է գերված արեգական ու լուսավորում երկիրը և վայր է հոսեցնում ծովի ջրերը։ «Այս հզոր Ինդրան դուրս քշեց ջրերի ալեծուփ հոսանքը, վիշապասպանը մոտ վարեց
- ↑ Lehrbuch der Religionsgeschichte herausg von P. D. Chantepie de la Saussaye, Tübingen, 1905, II, էջ 185։