Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/51

Այս էջը հաստատված է

Արտաշատի շուրջը խմբված պատմական երգերն ու զրույցներն իրենց մեջ ընդունելով և ուրիշ ավանդություններ, ձգտել են «Համազգային» դառնալու։ Այսպիսով առաջ է եկել մի ընդհանուր վիպասանություն Հայաստանի իշխողների մասին։ Հայոց հին Վիպասանքն, ուրեմն, կազմվել ու զարգացել է Հայաստանի կենտրոնական իշխանության հետևանքով։ Երկրի իշխանության միացումն առաջ է բերել և վիպական նյութերի միացում։ Այդ անհրաժեշտ է եղել Արտաշատի թագավորների համար։ Նրանց պետք էր իրենց իսկական կամ կարծեցյալ նախնիքների մասին մի վեպ, մի պատմություն, որի մեջ փառավորվեին նրանք։ Եվ վիպասանները կատարող են դարձել նրանց վիպական պահանջին, հին երգերից ու զրույցներից և առասպելներից կազմելով մի վիպական պատմություն մի քանի ճյուղերով։

5. Վիպասան և վեպն ավանդելու եղանակները։— Վիպական բանաստեղծությունը մշակվել է պրոֆեսիոնալ արվեստավորների ձեռով, որոնք կոչվել են՝ երգիչ, վիպասան և գուսան։ Նրանք երգել են նվագելով մի գործիքի վրա, որ կոչվում է «փանդիռն»։ Որոշ թվով ձեռագիրների մեջ այս գործիքի անունն աղճատվելով՝ դարձել է «բամբիռն», և այս ձևով դա հայտնի է դարձել 19-րդ դարում մեր բանասիրության և բանաստեղծության մեջ։ Մ. Խորենացին այս գործիքը հիշատակում է Տիգրանի վեպի և Վահագնի առասպելի մասին գրելիս (Ա. 24, 31), այլև Տարբան-Տարաւնի զրույցը պատմելուց հետո՝ նա ավելացնում է. «Բայց առաւել յաճախագոյն հինքն Արամազնեայց ի նուագս փանդռան և յերգս ցցոց և պարուց զայսոսիկ ասեն յիշատակաւք» (Ա. 6)։

Որ Խորենացին հաճախ «երգիչ», «երգել», «երգ» բառերն է գործածում (Ա. 24, 30, 31, Բ. 48, 49, 50, 54, 61), դրանից եզրակացրել են, թե իբր եղել է ամբողջություն կազմող մի մեծ «Երգ»։ Այս տեսակետին հետևելով՝ նույնիսկ «ասել» բառին տվել են «երգել» նշանակությունը և «վիպասան» բառը բացատրել իբրև «վեպ երգող»։ Բայց այդ սխալ է, «վիպասան» նշանակում է վեպ ասող, պատմող։ Մյուս կողմից պետք է դիտել, որ «վիպասանք» բառը ոչ միայն «պատմողի» համար է գործածվում, ինչպես «վիպասանքն» «յերգելն իւրեանց ասեն» (Բ. 50), այլև «պատմվածքի» համար. «Արտաշիսի վերջնոյ գործք՝ բազում ինչ յայտնի են քեզ ի վիպասանացն, որ պատմին ի Գողթան» (Բ. 49)։ «Վիպասանք» բարդ բառի թե՛ «պատմողի» և թե «պատմվածքի» այսպիսի երկու նշանակություն ունենալը տարօրինակ բան չէ հայոց լեզվի մեջ. օրինակ՝ հենց նույն կազմությունն ունեցող «գովասանք» բառը նշանակում է թե՛ «գովք ասողներ» և թե «ասած գովքը, գովեստը»։ Ինչպես վերջին իմաստով գործ է ածվում «գովասանություն» իբրև համանիշ «գովասանք» բառին, այսպես և «վիպասանություն» համանիշ է «վիպասանք» բառին՝ երկրորդ իմաստով առած։ «Երգք վիպասանաց» կապակցության մեջ «վիպասանք» բառն առաջին (պատմողի) թե երկրորդ (պատմվածքի) իմաստով առնված լինի, նշանակությունը նույն է մնում, բայց հավանական