Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/53

Այս էջը հաստատված է

Մեր հին վիպասաններն էլ տարբեր եղանակով չպետք է ասած լինեն իրենց վեպերը[1]։

ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ

1. Մեծն Տիգրանի վեպը և պատմական երգեր նրա մասին։— Վիպասանքի այս առաջին ճյուղը պատմականորեն վերաբերում է առաջին դարում (մ․ թ. ա.) ապրող Մեծն Տիգրանին։ Նրա ժամանակը, որ իրոք դիցազնական էր հայ ազգի համար, «քսան և հինգ ամք… անխառն յաջողութեան», երբ «հաւատային սուտակասպասք թէ ոգի իմն իցէ» Տիգրան, իր խորին տպավորությունն է թողել ժողովրդի երևակայության վրա, և վիպասանները, ինչպես հայտնում է Մ. Խորենացին (Ա. 24), փանդռի նվագակցությամբ երգել են Արտաշիսյան թագավորական ցեղի ամենից փառավորին, արքայից արքային, անվանելով նրան «Երուանդեան Տիգրան» կամ «Մեծն Տիգրան»։ Կազմվել է մի վեպ, որ 5-րդ դարում երկու անգամ գրական մշակություն է կրել, առաջին անգամ իբրև ներբողյան մի «արգասաւոր ի բանս» քերթողի ձեռով (տե՛ս «Մ․ Խորենացի» գլխի մեջ՝ § 8), երկրորդ անգամ Մովսես Խորենացու ձեռով։ Վերջին մշակությունը և հայտնի է մեզ։ Շատ մանրամասնություններ ծագում են, հարկավ, այդ քերթողներից, բայց մնացել են և ավանդական գծերը։

Այս վեպը մի գեղեցիկ ժողովրդական պատմվածք է եղել, որի մեջ, ինչպես Մ․ Խորենացու մշակածից երևում է, մեկ հիմնական նպատակ է ունեցել վիպասանը, այն է՝ փառաբանել իր աշխարհակալ թագավորին։ Ամբողջը հիմնված է մի խնդրի վրա, որ կազմում է գործողության միության կենտրոնը։ Դա է երկու հարևան ազգերի թագավորների՝ Հայոց Տիգրանի և Մարաց Աժդահակի՝ հարաբերությունը, այդ երկուսի հակադրությունը, Աժդահակի դավադրությունը Տիգրանի դեմ և նրանց բախումը։

Սկզբում բացատրվում է ընդհանուր դրությունը, որից ծագում է գործողությունը։ Մեծն Տիգրանը բնիկ թագավոր է. նա հզոր է, իմաստուն, անվանի և հաղթող աշխարհակալ, մեր բոլոր թագավորներից խոհեմ ու քաջ, իր ժամանակակիցների համար նախանձելի։ Նա տիրել է շատ ազգերի, շատերին հարկատու դարձրել։ Ունի մեծ հարստություն, բյուրավոր զորքեր, լավ զինված։ Մարաց թագավոր Աժդահակը վախենալով նրանից՝ դաշնակցում է նրա հետ։ Ապա խորամանկ միջոցների դիմելով՝ նա կնության է առնում Հայոց թագավորի քրոջը՝ Տիգրանուհուն, և ցանկանում է սրա միջոցով դավաճանությամբ սպանել տալ Տիգրանին։ Բայց Տիգրանուհին, իրեն ենթարկելով վտանգի, եղբայրասիրության առաքինություն է ցույց տալիս և եղբորն իմաց է տալիս դավադրությունը։ Տիգրանը պատերազմով դուրս է գալիս Աժդահակի վրա, հոգալով միաժամանակ

  1. Տե՛ս Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 49—70․ «Ասել, վիպասանք, երգք վիպասանաց, ի թիւ ասել, թուել, թուելեացն երգք»։