իր քրոջ ազատության համար։ Նա հաղթում, սպանում է Աժդահակին, և նրա ընտանիքը, բազմաթիվ գերիներով, բերում, բնակեցնում է Հայաստանում, Մասիսից դեպի արևելք, Երասխ գետի երկու կողմերում մինչև Գողթնի սահմանները։
Ժամանակակիցների համար հետաքրքիր այս պատմվածքը զարդարված է ոչ միայն Տիգրանի աջողություններով, արտաքինի ու ներքինի և նրա շրջապատողների նկարագրով,—որ մեծ մասամբ, անշուշտ, Խորենացու գրչից են, — այլև ավանդական վեպերի մեջ սովորական մոտիվներով։ Այսպիսիներից է Աժդահակի երազն իր մանրամասնությամբ։ Ապա պատմվում է երազի պատճառով Աժդահակի խորհրդակցությունն իր իշխանների հետ, որ նույնպես վիպական գիծ է, որոշումը կին առնելու Տիգրանուհուն, խնամախոսություն, Աժդահակի ջանքը Տիգրանուհուն գործիք դարձնելու, զորաժողով, Տիգրանուհու ազատվելն Աժդահակի ձեռից, մարտի նկարագիր, գերություն և այլն։
Վիպասանը բնականաբար իր ազգի թագավորին ներկայացնում է իդեալական հերոսական պատկերով։ Ինչքան հուժկու, քաջարի, պայծառ ու բացսիրտ է ներկայացված Տիգրանը, նույնքան մռայլ է Աժդահակի դեմքը։ Նա վախեցող է, անհանգիստ, շարունակ զգուշացող, խորամանկ ու խարդախ, շողոքորթ և դավաճան, — մի հին Սասունցի Դավիթ և Մսրա– մելիք։ Պարտությունը կրում է, հարկավ, չարը և օտարը։ Ճնշվում, գերվում են մարերը, վիշապները։ Ու փառավորվում է Տիգրանը։
2․ Պատմականը։— Ամեն ինչ որ իբրև պատմական կա այս ավանդական վեպի մեջ վերաբերում է Մեծն Տիգրանին, բայց Մ. Խորենացին սխալմամբ վերագրել է Պարսից Կիրոս թագավորի ժամանակակից Տիգրան թագավորին[1]։ Պատմական Մեծն Տիգրանինն են վիպական Տիգրանի և՛ աշխարհակալությունը, և՛ մեծ հարստությունը, և՛ զորքի բազմությունը, և՛ Տիգրանակերտ քաղաքը շինելը, և առհասարակ ֆիզիկական ու հոգեկան հատկությունները, և՛ նրա «Մեծն» մականունը, և վերջապես այն, որ նա մեր առաջին, հին թագավորներից է, «բնիկ և հարազատ» թագավորը։ Մեծն Տիգրանի վեպի կազմվելու և նրա մասին եղած երգերի կենդանի ժամանակն եղել է անշուշտ այդ թագավորի ժամանակից քիչ ուշ՝ այսինքն՝ մեր թվականությունից քիչ առաջ, և ապա մեր թվականության առաջին դարը։ Այդ միջոցին հայոց բնիկ թագավորների տեղը բռնում են օտար թագավորներ։ Եվ այդ բավական չէ, երկիրը վրդովմունքի մեջ է ընկնում այդ մարացի, պոնտացի, վրացի թագավորների օրով, մինչև պարթևական Արշակունի օտար ցեղն իշխում է հայերի վրա։ Այդ օտար թագավորների խառնաշփոթ և խռովահույզ տիրապետության ժամանակ տեղիք ուներ հայ վիպասանը կարոտով հիշելու առաջին բնիկ թագավորներին և մանավանդ «խաղաղության և շինության բերող» Տիգրանին, իր «բնիկ և հարազատ» թագավորին։
- ↑ Տե՛ս Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները Մ․ Խորենացու Հայոց պատմության մեջ, էջ 379—510․ «Տիգրանի առասպելը»։