Նրա երկի մանրամասնությունների մեջ մենք տեսնում ենք ընդհանրապես հին քրիստոնյայի և մասնավորապես մենակյացի եղերերգական վիճակն իր ամրողջ պատկերով և աշխարհայեցությամբ։ Տիեզերքր չունի նրա, ինչպես և ուրիշների համար այն մեծությունը, ինչ որ հիմա մեզ համար։ Դա կազմում էր մի երեք հարկանի մեծ շենք՝ երկինք, երկիր և դժօխք կամ սանդարամետք անդնդոց, — աստուծու, հրեշտակների ու արդարների բնակարանը, մարդկանց ժամանակավոր կացարանը և սատանաների տանջարանը։ Այստեղ, ինչպես մի ընդարձակ բեմի վրա, ինչպես գեղեցիկ արտահայտել է մի ֆրանսիացի բանասեր, աշխարհի սկզբից ի վեր կատարվում էր մի մեծ գործողություն, որի վախճանն առաջուց հայտնի էր, որ լինելու էր վերջին դատաստանը։ Մարդն արարածների մեջ աստուծու ամենից սիրելին էր։ Ինչպես Եզնիկ Կողբացու երկի ուսումնասիրության ժամանակ տեսանք, ամեն բան ամենակարող աստվածը ստեղծել է միայն մարդու համար, նույնիսկ հրեշտակներն ու սատանաները, և նրա հոգացողության միակ առարկան մարդն էր։ Աստված, սակայն, անմիջապես չի խառնվում մարդկանց գործերին, որովհետև ստեղծելով մարդուն՝ տվել է նրան ինքնիշխանություն, ազատ կամք, կա՛մ գործել բարին և գնալ երանության դրախտը, կամ թե չար գործել և գնալ դժոխքը, հավիտենական տանջանքի տեղը։ Թեպետ և մարդն իր գործերով անարժան էր, բայց աստված բարերար էր, միշտ խնամում էր նրան, նա հայտնի էր առ մարդն ունեցած բարերարություններով, կամենում էր, որ մարդը փրկվի, և նույնիսկ աստուծու որդին մարդացել է դրա համար։ Եվ մարդը կարող էր փրկվել, որովհետև ոչ մի մեղք չկար, որ անկեղծ ապաշխարությամբ չքավվեր։— Այս է ահա Գրիգոր Նարեկացու, նրա հետ և նրա նման ուրիշների աշխարհայացքը։
Տիեզերքի, մահվան ու այն աշխարհի առեղծվածն, ուրեմն, որ քնարերգության վսեմ նյութն է կազմում, որոշ էր հին քրիստոնյայի համար, և նա չպիտի այդ գաղտնիքի անհայտության առաջ իր ներքին հուզումներն ունենար։ Եվ թվում է, թե այն ժամանակ չպիտի առաջ գար մաքուր և զորեղ քնարերգություն, որովհետև եկեղեցին արդեն հոգացել էր ամեն բանի համար, ամեն մետաֆիզիկական խնդիր արդեն որոշված էր, և բանադրանքի սպառնալիքով ոչ ոքի թույլ չէր տրվում եկեղեցուց դուրս և եկեղեցուց տարրեր մտածել և զգալ, ուրեմն և փակված էր անձնականությունը, քնարերգության աղբյուրը։ Բայց այն ժամանակ ահա՛ Գրիգոր Նարեկացու հանճարով մեր կրոնական երգը դառնում է արտահայտություն անհատական երազանքների, կրոնական զորեղ անհանգստությունների, այլև այն աշխարհի և աստուծու, մահվան և հավիտենականության խնդիրների։
Ինչո՞ւ այսպես։— Որովհետև հոգացված էր միայն սոսկական մարդու համար, որ հանգիստ ապրում էր, զի նա այնպես գիտեր, թե բավական էր, որ ինքը մեռնելուց առաջ խոստովանվեր և հաղորդվեր, և կմեռներ՝ հավատալով թե կարդարանա, դրախտ կերթա։ Իսկ խոհուն և զորեղ