Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/6

Այս էջը հաստատված է
ԱՌԱՋԱԲԱՆ

Դեռ 1890-ական թվականների վերջից մտադրվել էի գրել հալոց Հին գրականության պատմությունը, բայց առաջին փորձից հետո տեսա, որ անհնարին էր այդ անել, որովհետև չկային առանձին ուսումնասիրություններ, և շատ գրական խնդիրներ դեռ պարզված չէին: Ուստի սկսեցի մենագրություններով զբաղվել: Հետագայում էլ մի քանի անգամ փորձեցի կատարել այդ, բայց դարձյալ թողի: Երբ 1940 թ. ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալից առաջարկ եղավ ինձ այդ մասին, ես երկար տատանվում էի հանձն առնելու կատարել այդ ինձ համար ոչ հեշտ գործը, որովհետև այժմ էլ ամենամեծ մասով չեն վերացած այն դժվարությունները, որ հայոց հին գրականության պատմությունը գրելու համար կային քառասուն տարի առաջ: Ւ՞նչ են դրանք:

Այս երկար ժամանակի ընթացքում համեմատաբար սակավ մենագրություններ և բնագիրներ հրատարակվեցին, այնպես որ դեռևս կարելի չէ ժամանակաբանական հաջորդությամբ հորինել մի աշխատություն՝ բավարար չափով պարզելով մեր հին գրականության հիմնական մոմենտները: Դեռ շատ բաց տեղեր են մնում այդ ընդարձակ շրջանի մեջ:

Երկրորդ դժվարությունն այն է, որ մինչև այժմ լույս չտեսավ հայոց պատմության մի գիտական ուսումնասիրություն, մեր դարավոր պատմության զանազան շրջանների սոցիալ-տնտեսական-քաղաքական կյանքի պարզաբանությունը՝ հասցրած մինչև 19-րդ դարը: Այդպիսի մի գործը պիտի օգներ գրականագետին իր աշխատանքը կատարելիս և երբեմն հեշտացներ հայտաբերել տվյալ դարաշրջանի այն քաղաքական ու սոցիալական իրականությունը, որի անդրադարձումն են եղել այս կամ այն գրական հիշատակարանները: Եվ քանի որ չկա այդպիսի պատմություն, գրականագետն ինքը պետք է մտնի պատմական խնդիրների պարզաբանման մեջ, հաճախ եկեղեցական պատմության վերաբերյալ, որովհետև մեր հին գրականությունը մի ստվար մասով եկեղեցական է: Նա պիտի զբաղվի նաև այնպիսի կողմերով, որոնք գրականության պատմության մեջ առանձին տեղ չպիտի գտնեին, այլ իբրև հայտնի իրողություններ մի երկու խոսքով միայն պետք է մեջ բերվեին: