Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/62

Այս էջը հաստատված է

ու պատվավոր է այն աստիճանի, որ էր թշնամի Սմբատի դուստրներին գերելով՝ «պահէ յամրոցին յԱնի ոչ վատթարապէս»։ Բայց այս թագավորը, որ պետք է ժողովրդականություն վայելեր, մի պակասություն ունի․ նա ժառանգը չէ, և արքայական տան վերաբերմամբ մի եղեռնով է գահ բարձրացել։ Եվ այդ շարունակ հալածում է նրան, և վերջը նա պատժվում է դրա համար։ Այստեղ է նրա տրագիկական վիճակը։

8. Արտաշեսի ամուսնությունը և կենցաղական գծեր։— Այս կազմում է մի առանձին ճյուղ։ Ինչպես «Սասնա Ծռերի» մեջ Դավթի ու Մսրամելիքի կռվից ու Դավթի հաղթությունից հետո՝ գալիս է Դավթի ամուսնությունը, նույնպես և Վիպասանքի մեջ՝ Արտաշեսի հաջողությունից հետո պատմվում է նրա ամուսնությունը։

Արտաշեսն զբաղված է Արտաշատ քաղաքը շինելով և զարդարելով (Բ․ 43)։ Այդ ժամանակ ալանները մտնում են Հայոց աշխարհն ավարելու Արտաշես թագավորը զորքով քաջությամբ ելնում է նրանց դեմ։ Բռնում են ալանների արքայորդուն. ալանները քշվում են Կուր գետի մյուս ափը։ Ալանների թագավորը խաղաղոթյուն Է խնդրում, խոստանալով տալ Արտաշեսին, ինչ որ նա ուզի։ Բայց Արտաշեսը չի համաձայնում արձակել թագավորի որդուն։ Այն ժամանակ ալանների արքայադուստրը, եղբորն ազատելու համար, գալիս է գետափը մի մեծ դարավանդի վրա և թարգմանների միջոցով ձայնում է դեպի Արտաշեսի բանակը.

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց.
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

Արտաշեսը տեսնելով Սաթինիկին գեղեցիկ ու խելոք՝ հավանում է նրան, ցանկանում է նրան կնության առնել, և իր միտքը հայտնում է Սմբատին։ Սա մարդ է ուղարկում ալանների մոտ հաշտվելու և օրիորդին ուզելու։ Այն ժամանակ ալանների թագավորն ասում է.

Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս
Հազարս ի հազարաց և բիւրս ի բիւրուց
Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց։

Աղջկա հայրն, ուրեմն, իր դուստրի համար մեծ գլխագին է պահանջում։ Բայց Արտաշեսը ձին հեծած՝ սրաթև անցնում է գետով, պարանը ձգում է օրիորդի մեջքը և բերում նրան իր բանակը։