վիշապներն, ըստ Վիպասանքի, Աժդահակի և նրա կնոջ՝ «վիշապաց մայր» Անուշի սերունդներն են, որոնք հանդես են գալիս և Արտաշեսի վեպի մեջ։ Նրանց գլխավորը և հայրն է Արգավանը։
Մի օր վիշապ Արգավանը Հայոց Արտաշես թագավորին և նրա որդիներին իր մոտ ճաշի է հրավիրում։ Արտաշեսը գնում է վիշապաց տաճարում ի պատիվ իր տրված ճաշին։ Արգավանն ուզում է ճաշի ժամանակ խարդավանակ լինել կամ դավել թագավորին։ Սա զայրացած վերադառնալով Արտաշատ՝ իր Մաժան որդուն ուղարկում է զորքով կռվելու վիշապների դեմ և նրանց կոտորելու։ Բայց երկու տարուց հետո հանգիստ է թողնում նրանց։
Արտաշեսի քաջ որդին Արտավազդը, Արտաշատ քաղաքը շենացած լինելով, այնտեղ իրեն համար ապարանքի տեղ չի գտնում, նա գնում է վիշապների մեջ մտնում, խլում է նրանցից նրանց կալվածները, Երասխի հյուսիսային կողում նրանց բոլոր գյուղերը, ապարանքներով ու բերդերով միասին, բոլորն իրեն է սեփականում։ Շինում է «ի մէջ Մարաց զՄարակերտ», Շարուրի դաշտում, և այնտեղ բնակվում։ Արտավազդի մայրը, Սաթինիկ տիկինը տրփանք է ունենում վիշապազների հետ կամ տենչանք ու սեր առ Արգավան վիշապը։ Վիշապները չեն ուզում տանել Արտավազդի արարքները և կռվում են Արտավազդի դեմ։ Բայց նրանց իշխանությունը քայքայվում է, որովհետև Արտավազդը հաղթում է նրանց, կոտորում է ամենքին, Արգավանի բոլոր ծնունդն ու իրեն՝ Արգավանին սպանում է, շինվածներն այրում է և իր ձեռը ձգում նրանց բոլոր գյուղերն ու իշխանությունը։
Այս առասպելը մի քանի մանրամասնություններով, որ չի բերել–Մ․ Խորենացին, դեռ պատմվում է հայերի մեջ իբրև հեքիաթ՝ դևի կամ վիշապի մասին։ Նույնը կատարյալ նմանությամբ կա նաև ուրիշ ժողովուրդների մեջ, ինչպես՝ սլովակների, վալախների, սերբերի[1]։
Այս ընդհանուր տարածված առասպելը, դառնալով Վիպասանքի մի մաս, բնականաբար հարմարվել է սրա նյութին, որ է հայերի և մարերի, ըստ առասպելին՝ վիշապների կռիվը։ Արգավանն ուզում է դավել Արտաշեսին, և հետևանքը լինում է «մարտ ընդ նոսա, և քայքայումն յիշխանութենէն, և սպանումն նոցա և հրկիզութիւն շինուածոցն»։ Երևում է, որ այստեղ պատկերացված է եղել իշխանների դավադրությունն ու ապստամբությունը թագավորի դեմ և դրա հետևանքով նրանց բնաջնջումն։ Մյուս կողմից՝ դրա հետ միացած է եղել և ընտանեկան խարդավանքը՝ «տրփանք Սաթինկան ընդ վիշապազունսն»․
Տենչայ Սաթինիկ տիկին տենչանս,
Զարտախուր խաւարտ և զտից խաւարծի
Ի բարձիցն Արգաւանայ (Խոր., Ա․ 30)։
- ↑ Տե՛ս Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 325—379։