Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/71

Այս էջը հաստատված է

«Պարթեւ» ըստ Մագիստրոսի նույնն է, ինչ որ «Արշակունի»։ Այդ կոչումն Արտաշեսի համար հավանորեն Մագիստրոսի իրեն ավելացրածն է, իսկ նրա բերած հատվածը մեր հին Վիպասանքի մի մնացորդ է, որ հարատևել է մինչև 11-րդ դարը։ Ցավոք, Մագիստրոսն ավանդությունն ամբողջ չի բերում։ Այս հատվածը պատմականորեն հարմար է ժողովրդին սիրելի Արտաշես Գ.–ին (18—34 թ․), որ հայտնի է իր որսի և խնջույքների սիրով։

ՎԻՊԱՍԱՆՔԻ ԱՐՎԵՍՏՆ ՈԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

1. Մ. Խորենացու քննադատությունը։ Բերանացի երգեր և երգարանք բանաւորք։— Թե ի՛նչպիսի արվեստով և հորինվածքով է զարգացած եղել մեր հին Վիպասանքը, այդ մասին քիչ բան կարող ենք իմանալ այժմ։ Դրա միակ աղբյուրը Մովսես Խորենացի պատմագիրն է, որ այդ երգերից մի քանի հատվածներ է միայն բառացի մեջ բերել։ Նա պատմում է մեծ մասամբ բովանդակությունը, այն էլ հաճախ խառնած ուրիշ աղբյուրներից քաղած նյութերի, կամ թե իր ենթադրությունների ու մեկնությունների հետ։ Փավստոս Բուզանդը, քրիստոնեաբար նայելով, բացարձակ արհամարհում է Վիպասանությունը, որովհետև դա հեթանոսական բնավորություն ուներ․ դրա մեջ մարդկանց հետ խառն գործող անձեր են եղել ոգիներ և աստվածներ։

Մ․ Խորենացին, որ արվեստի նկատմամբ ավելի քննադատաբար է վերաբերվում, առանձին գովեստով չի խոսում հայ նախնիքների բանաստեղծական շնորհքի մասին։ Նա իր գրքի հենց սկզբներում (Ա․ 3) ասում է․ «Ինձ թուի, որպէս այժմ՝ և առ հինսն Հայաստանեայցս լեալ անսիրելութիւն իմաստութեան և երգարանաց բանաւորաց»[1]։ Նրա գանգատը ոչ թե բերանացի երգեր չլինելու կամ չսիրելու մասին է,— այդպիսի երգեր շատ է հիշում նա, — այլ իմաստալից երգեր։ Հիշենք միայն, թե ինչպես Խորենացին պարսից առասպելները «սուտ, փծուն, անճոռնի, անյարմար և անոճ բանք, անմիտ և անհանճար բանից յարմարանք», այլև երկու անգամ «անբանաթիւն» և մի անգամ «անմտութիւն» է անվանում (Ա. գրքի Հավելված), այլև «բարբաջմունք» (Բ․ 70)։ Արդ, «իրանացած» հայերի առասպելները հունական կրթություն ստացած Խորենացու համար, իրենց ձևով եթե ավելի անիմաստ չլինեին, ավելի իմաստուն էլ չէին լինի, քան պարսից առասպելները։ Նա Տորքի մասին առասպելը նույն ածականներով էլ հենց բնորոշում է, ինչ որ պարսից առասպելները, Բագրատունիների ծագման մասին զրույցը «յիմար, բայ բանք անոճ», իսկ Արծրունիների մասին առասպելը «բաջաղանք» (Բ. 7) է կոչում։ Այս ամենը նկատի ունենալով՝ հասկանալի է, որ նա չի գտնում հայերի մեջ երգեր, որոնք

  1. «Երգարանք բանաւորք» բառերի բացատրությունը տեսնել՝ Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 28 և հտն․։